Այս էջը սրբագրված է

- Ատիկա ճիշտ ըսիր,— հարեց Բարպան,– իրավունքը զենք է մարդուս ձեռքին մեջ։ Բայց խնդիրը այն է, որ մարդիկը կըսեն կոր, օր մենք հյուր ենք այս երկրին մեջ, մենք ոչ մեկ իրավունք չունինք։


— Մինակ ստրուկներն են, որ ամեն իրավունքներն զուրկ են,— ըսավ Միհրանը,— կտեսնե՞ս, Բարպա՛, կապիտալիստական ռեժիմը կստեղծե՝ հանձինս օտարական իրավազուրկ աշխատավորներուն՝ իր ստրուկները։


— Կուզե կոր ստեղծել,— ըսավ Բարպան և մեկ հոնքը բարձրացուց ճակտին վրա։


Կիրակի իրիկուն մը, երբ Բարպան՝ զզված այդ սրճարաններու մթնոլորտեն, կպատրաստվեր մեկնիլ, որոշելով, որ այլևս ոտքը չի դնե այնտեղ, երիտասարդ մը մոտեցավ իր սեղանին։


— Ներեցե՛ք, պարո՛ն,— ըսավ ան գլխարկը հանելով, դուք ընկեր Միհրանին մորեղբա՞յրն եք։


— Այո, տղաս,– ըսավ Բարպան և հաճույքով նայեցավ երիտասարդին:


Անիկա մաքուր և բաց դեմքով, պայծառ աչքերով երիտասարդ մըն էր, խնամքով, բայց պարզությամբ հազված և իր վրա կկրեր գորովագութ մոր մը խնամքները վայելած մեկու մը անսահմանելի դրոշմը։


— Նստե, տղաս,— ըսավ Բարպան՝ ձեռքովը ցույց տալով դիմացի աթոռը։


Երիտասարդը նախ վարանեցավ, հետո նստեցավ։


— Դու ո՞րտեղացի ես,— հարցուց Բարպան։


— Ես բնիկ պոլսեցի եմ,— ըսավ ան, կարծես ինքզինքին վրա ջանք դնելով համարձակ պատասխաններ տալու։


Անիկա երբեմն իր աջ ձեռքը կտաներ ճակտին, սև և փայլուն մազերը կնետեր ետև և գլուխը կցնցեր։


— Ես ինձ չի ներկայացուցի,— ըսավ երիտասարդը պահ մը լռութենե հետո,— իմ անունս է Բարունակ Սարյան, բայց որոշեր եմ պսեղոնիմ մը վերցնել, կխնդրեմ, ինձ կոչեցեք ասկե ետքը «Սակավախոս», ես զզված եմ նույնիսկ իմ իսկական անունես։