Այս էջը սրբագրված է

Մադամ Լենը ատելով կատեր այդ արհեստը և ամեն իրիկուն կմտածեր հնարք մը գտնել և քաշվիլ այդ զզվելի գործեն, բայց այդ հնարքը չէր գտներ։ Ճիշտ էր նաև, որ ան քորսեի գործի մեջ բանվորուհի էր, բայց ոչ միայն աշխատավարձը անբավական էր, այլ նաև հաճախ գործը կպակսեր, և շաբաթներ տևող անգործությունը բոլոր այդ կարգի բանվորուհիները կմղեր որևէ կողմնակի միջոցով իրենց ապրուստը ճարելու։ Բախտավոր էին անոնք, որ «ծերունի» մը ունեին և որուն շնորհիվ զերծ էին մութը չափելու անհրաժեշտությունեն: Մնաց, որ բանվորուհիներու անձնական տրամադրությունը մեծ դեր կխաղար անոնց կյանքի դասավորման մեջ։ Ոմանք կսիրեին Փարիզի թեթև զվարճությունները, որոշ երգեցիկ կաֆեներու հաճախումը, արդուզարդի մանր-մունր առարկաներու գնումի դյուրությունը՝ ըստ պատեհության և քմահաճույքի, այդ էր իրենց համար կյանքի հաճույքը: Ուրիշներ կսիրեին տուն-տեղ ըլլալ, ընտանիք ունենալու պատրանքը ունենալ, ասոնք, ընդհանրապես, այն աղջիկներն էին, որ երբեք ընտանիք չէին ունեցած, չէին գիտեր ո՞ւր են ծնած, ի՞նչ կարգի ծնողներն և, կարծես, բուսած էին փարիզյան մայթին վրա, որ իրենց հայրենիքը և ընտանիքն էր միևնույն ատեն։ Այդ կարգի բանվորուհիները կընդունեին զանազան մոլություններով փտած ծերունիներու և երբեմն ալ այլանդակ մարդոց ընկերակցությունը և նույնիսկ կենակցությունը, ստեղծելու համար ընտանիքի նման բան մը, որուն տենչանքը և փառասիրությունը ունեցած էին. անոնք կհանդուրժեին ամենեն արտառոց պահանջներու, կդառնային հլու և երկչոտ և աշխատանքի ժամերե հետո կսպառեին իրենց բոլոր ուժերը իրենց տունը–տեղը մաքուր պահելու, իրենց խղճուկ կարասիները նորի պես փայլեցնելու համար։ Եվ, ի փոխարեն իրենց հլության և կամավոր լուծին, երբեմն կստանային հարվածներ, մեղսակցության ստիպումներ՝ ապօրեն գործերու մեջ։


Մադամ Լենը նույնպես կսիրեր ընտանիքը, բայց միևնույն ատեն՝ իր անկախությունը։ Անիկա երբեք չէր կենակցած ոչ ոքի հետ և իր ամբողջ փառասիրությունը այն էր, որ իր շրջապատին մեջ զինքը համարեին պարկեշտ բանվորուհի: