Այս էջը սրբագրված է

նելով, փոքրիկ բակ մը կար, որուն մեկ կողմը խոհանոցն էր և մյուս կողմը միակ սենյակը, որուն գետինը տախտակամած էր։ Բակին գետինը հող էր, և այնտեղ դրեր էին թախտ մը, որու վրա Վահրամի մեծ եղբայրը՝ էդվարդը կպառկեր։ Մանրակրկիտ մաքրությունը և վայելչության զգացումը, որ ներշնչեր էր տնեցիներուն՝ պատերուն վրա դնել պատկերներ և բակի սեղանին վրա՝ մշտադալար կանանչ բույս մը, մոռցնել կուտար Բարպային դուրսը կրած անախորժ տպավորությունները։ Անիկա չուզեց իր ցեխոտ կոշիկներով սենյակ մտնել, հակառակ որ անընդհատ կլսեր դեմիրճի Հակոբին անհամբեր ձայնը։


— Գոհարի՛կ, ո՞վ է,— կըսեր ան,— Բարպա՞ն է, շուտով ներս եկեք։


— Հա՛, հա՛, Հակոբ ջան, հիմա կուգանք,— կպատասխաներ կինը և էդվարդին մուճակները կփնտրեր թախտին տակ, Բարպային տալու համար։


Սենյակը մտնելով, Բարպան տեսավ ծղոտե թիկնաթոռի մը վրա նստած, կանխահասորեն ծերացած մարդ մը, որուն ցից և կարճ մազերը՝ քաթանի պես ճերմկած, կտարածվեին մինչև ծոծրակին վրա։ Անոր հոնքերը, որ նույնպես ճերմկեր էին, կարծես աճեր էին և կցցվեին ճակատի ոսկրի եզրերուն, գրեթե ծածկելով աչքերը, որոնք այդ մացառուտին մեջեն կփայլեին տենդագին և քիչ մըն ալ խելագար մարդու աչքերով նման։ Բարպան, որ միշտ դեմիրճի Հակոբը տեսեր էր աղյուսագույն կարմիր դեմքով, նշմարեց, որ ան դժգուներ էր, բայց մանր և կապույտ երակներու ցանց մը կծածկեր անոր ամբողջ դեմքը։ Հակոբի աջ կողմը անդամալույծ դարձեր էր, և անիկա իր կենդանի մնացած ձախ ձեռքով կբռներ անկենդան թևը կամ ոտքը և կտեղափոխեր իր ցանկության համեմատ։ Տեսնելով Բարպան սենյակի դռան շրջանակին մեջ, անիկա նախ անորոշ բառեր թոթովեց և հետո ըսավ բռնազբոսիկ ժպիտով.


— Բարի եկա՛ր, Բարպա՛, փառք մեր տեսության։


— Բարև, Հակո՛բ,— ըսավ Բարպան, նույնքան բռնազբոսիկ զվարթությամբ.— բարի տեսանք։


Բարպան խորապես հուզված էր: Դեմիրճի Հակոբը, այդ