Այս էջը սրբագրված է

քարին վրա… մենք մեծ հեռանկարներ ունինք։ Ուրեմն՝ վաղը առավոտ, աշխատանքի առաջին ժամին, չուշանա՛ք։


— Օ՚հ, ոչ,— ըսավ Բարպան, չեմ ուշանար։


Բարպան դուրս ելած էր արդեն, երբ պարոն Ռաուլը կրկին դուռը բացավ և ըսավ.


— Մասնավորապես կխնդրեմ, որ չուշանաք,— ըսավ ան,— ժամը տասնմեկին ժամադրություն ունիմ ճարտարապետին հետ. լավ կըլլա, որ արդեն եզրակացության մը հասած ըլլանք։


— Չեմ ուշանար, հոգ մի՛ ընեք, պարո՛ն,– ըսավ Բարպան:


Բարպա Խաչիկը երազի մեջ էր։ Ուրեմն, Փարիզի նման դժվարահաճ վայրի մը մեջ առիթ պիտի ունենար ցույց տալու իր արհեստը, ցույց տալու, թե ինչի՛ կարող էր պոլսեցի վարպետը։ Անոր մտքին մեջ խուժեցին հիշողություններ, տեսավ նենգավոր Զարեհ էֆենդին և բաղդատության գրավ պարոն Ռաուլի հետ. «Մարդը ի՞նչ պետք ունի իր արհեստավորները ստորագնահատելու», մտածեց անիկա։ «Վերջին հաշվով,— կմտածեր ան,— ես իրավունք ունեի, երբ կըսեի, թե ֆրանսացիները ուրիշ են, մարդու արժեքը կհասկնան…»։ Այս մտածումը հակակշռի մեջ մտավ Միհրանի և Յորկիի խոսքերուն հետ, որոնք կըսեին, թե չէ կարելի ընդհանրացումներ ընել Ռաուլի կամ անոր հորը վարմոլնքեն։ Հին բուրժուազիայի ավանդություններով տոգորված, անոնք ապաստաներ էին իրենց յուրահատուկ գործին մեջ։ Յորկին կըսեր, որ պարոն Ռաուլն ալ օր մը կա՛մ գործը պիտի փակեր և կամ պիտի բռներ մյուս չարաչար շահագործողներու ճամփան, ուրիշ ելք չի կար։


Բարպան կուզեր անմիջապես մտածել իր շինելիք ցանկապատի մասին, բայց չէր կարող միտքը սևեռել։ «Գիշերը կմտածեմ», խորհեցավ անիկա և մտադրեց հետևյալ օրն իսկ երթալ Արհեստից և արվեստից թանգարանը, ինչպես այդ ըրեր էր ուրիշ անգամներ, գիտելու և յուրացնելու համար Տուրի՝ այդ շրջանի և ժամանակի դղյակներու և անոնց հարակից զարդարանքներու ոճը, որպեսզի իր հղացումներուն հետ հիմք ծառայեցներ։