Ահա թե ինչու երկու երիտասարդները ուրախ էին և բարձր տրամադրության մեջ, երբ մտան Բրոկա փողոցի բանվորական տան վեցերորդ հարկի սենյակը։
Անոնք նախ շշմած մնացին, դիտելով սենյակի այլափոխությունը:
Յորկին իր հիացումը հայտնելու համար նետվեցավ Վիկտորյայի
վիզը և սկսավ համբուրել, մինչդեռ Միհրանը գնաց
նստավ Բարպայի մոտ և սկսավ խոսիլ իր ծրագիրներու մասին…
— Դուն ինձի ան ըսե,— մրմնջաց Բարպան,– ինչքա՞ն
դրամ մնաց քովերնիս։
Միհրանը հանեց թղթապանակը և նախ հաշվեց թղթադրամները,
հետո պորտմոնեն հանեց և հաշվեց նիկելե և
պղնձե մանրուքը։
— Մենք ունինք,— ըսավ ան,— հարյուր վաթսունհինգ
ֆրանկ։
Բարպան մնաց մտածկոտ։
Բայց այդ պահուն Յորկին թողուց Վիկտորյան և, իր
կարմրած և խնդուն դեմքը դարձնելով Բարպային, գոչեց.
— Հոգդ մընե՛ր, Բարպա՛… ես չորս հարյուր ֆրանկ
ունիմ պահած, հետո աշխատանք ունիմ, միասին կծախսենք,
շուտով Միհրանն ալ գործի կմտնե, երկուքով ձեզ կպահենք
ծաղկի պես։
— Ատանկ բան չի կա,— ըսավ Բարպան խոժոռելով,—
ինձի ալ գործ պիտի գտնաք, ես պարապ նստող ուտողը չեմ…
— Բրավո՛, Բարպա՛, — գոչեց Յորկին,- քեզի ալ գործ
կգտնենք… Է՜հ, տղաքնե՛ր,— ավելցուց անիկա աշխուժով,—
ես անոթի կմեռնիմ կոր, երթանք ճաշենք…
Վիկտորյան առարկեց.
— Այստեղ, ձեռքի վրա բան մը չե՞նք կրնար ուտել,–
ըսավ ան Յորկիին,— դեռ ձիթապտուղ ունինք, քիչ մըն ալ
երշիկ կա…
Յորկին ծիծաղեցավ.
— Այս երկրին մեջ, ցացա՛, — ըսավ ան,– ամեն օր արյունոտ
բիֆտեկ պիտի ուտես և գինի խմես, ուրիշ կերպ չես
դիմանար. տե՛ս երկինքին գույնը…