Այս էջը սրբագրված է

զարմացած կնայեին Բարպային, որ մաքուր հագված մարդ էր, և որուն լուրջ դեմքը, ճերմակ մազերը տպավորություն կընեին, սկսան միջամտել։


— Վերջ դրեք այդ պատմության,— կըսեին շատերը,— կուշանանք կոր,– և ժամացույցները կհանեին՝ տեսնելու համար ժամը։


— Պարո՛ն, պատասխանատվության կենթարկվիրք,—ըսավ կոնդուկտորը ջղագրգռված,– իջե՛ք։


Բարպան հասեր էր հուսահատ կատաղության:


— Չեմ իջներ,– ըսավ ան։ Այն ատեն կոնդուկտորը, որ երիտասարդ և ուժեղ տղա էր, փորձեց բռնի իջեցնել Բարպան։ Բայց ան անմիջապես զգաց այդ զարմանալի և համառ ծերունիին երկաթե ձողի նման ամուր բազուկը։


Հաջորդ տրամվայը երևցավ գծին վրա։ ճամփորդներեն ոմանք ուզեցին աջակցիլ կոնդուկտորին, բայց ան ձեռքով նշան ըրավ, որ հանգիստ նստին։ Անիկա, կարծես, հրաժարեր էր Բարպան իջեցնելու փորձեն։ Կրկին զանգը տվավ, որպեսզի տրամվայը շարունակե իր ճամփան, բայց երբ պահակատան մը առաջ հասան, կոնդուկտորը կանգնեցնել տվավ տրամվայը և իջավ։


Այդ միջոցին Բարպան գրեթե ինքնակորույս վիճակի մեջ էր։ Անիկա այլևս մոռցեր էր գործը, պարոն Ռաուլի ժամադրությունը, ամեն ինչ և լուռ կփրփրար խրտջած ձիու նման: Զայրույթը, բարկ գինիի նման, զարկեր էր անոր գլխին։


Բարպան սթափեցավ հանկարծ, երբ տեսավ երկու սերժանտ վագոնի մուտքին. անոնք, առանց իրեն մոտենալու, ըսին խստությամբ.


— Իջե ՛ք, պարոն։ — Բայց ես…— սկսավ Բարպան։ Սերժանտները ընդհատեցին զինքը. — Այդ բոլորը կբացատրեք ոստիկանատանը։ — Ոստիկանատա՞նը, ինչո՞ւ… Անոր հուզումնալի ձայնին մեջ սերժանտները նկատեցին տարականի շեշտը և նայվածք մը փոխանակեցին իրար հետ: