Այս էջը սրբագրված է

Վերջապես պաշտոնյան եկավ քովի սենյակեն, ձեռքերը բեռնավորված պաշտոնաթղթերով։


Անիկա ծիծաղելիորեն նիհար և երկար մարդ էր, ուրկե բազուկները կարծես կանջատվեին, ինչպես խրտվիլակի մը բազուկները։ Լայն ճակատով դեմքը կվերջանար գրեթե անգո ծնոտով, այնքան խուսափուկ գիծ մը կկազմեր ան։ Օսլայած և ցից օձիքի մեջեն կբարձրանար, հնդկահավի վզի նման, բարակ և խորդուբորդ երկար վիզը, որուն վրա կցցվեր ադամագունդը և որը անվերջ կշարժվեր սահելով դեպի վեր կամ վար, երբ ան կխոսեր։ Պաշտոնյան ճակատին վրա բարձրացուցեր էր ակնոցը, որու մետաղյա թելերը անցուցեր էր ցցուն ականջներուն։ Անոր անձը իր ամբողջության մեջ կարտահայտեր գոռոզ ինքնավստահություն և արհամարհանք դեպի այն մարդիկը, որ կիյնային իր ոսկրուտ և խոշոր ձեռքերուն տակ։


— Ի՞նչ կա, Մա՛րսել,— ըսավ ան՝ տեղը նստելով և իր կարճատեսի կկոցած աչքերով դիտելով Բարպան։


— Այս պարոնը,— սկսավ սերժանտը և պատմեց մանրամասնորեն տրամվայի մեջ պատահածը։ Սերժանտի պատմած ժամանակը պաշտոնյան, որ կշարունակեր իր առաջ դրված թուղթերը քննել, կընդհատեր, «հը՛մ, հըմ» կմրթմրթար և զարմացած կնայեր Բարպային, որուն տարիքը և արտաքին երևույթը չէին համապատասխաներ այս միջադեպին։


Երբ սերժանտը ավարտեց, պաշտոնյան եզրակացուց:


— Անհնազանդություն՝ հանրային պաշտոնյային հանդեպ, իր պաշտոնի կիրառման միջոցին… Կան անշուշտ,— ըսավ ան,— մեղմացուցիչ պարագաներ, բայց, այսուամենայնիվ, տուգանքի խնդիր է։


Եվ դառնալով Խաչիկին՝ ավելցուց.


— Տվեք ձեր անունը և հասցեն և գացեք ձեր գործին, մենք ձեզ կհայտնենք հարկ եղածը։


Բայց երբ Խաչիկը իր անունը ըսավ, պաշտոնյան գլուխը ցցեց օձի նման։


— Դուք Ֆրանսիացի չե՞ք…— հարցուց ան խոժոռելով։ ֊ Ո՛չ,- ըսավ Բարպան,— ես օտարական եմ։ – Ա՚հ-հա՛,— բացականչեց պաշտոնյան, — դուք օտա