Այս էջը սրբագրված է

չաձևող գիծը։ Այն ատեն Բարպան անդրադարձավ, որ ո՛չ տաքսի կար, ո՛չ տրամվայ, ո՛չ ավտոբուս, «Ուրեմն,— մտածեց անիկա,— փարիզյան ռեժիոնի փոխադրության աշխատավորները իրենց խոսքը բռնեցին, ընդհանուր գործադուլը հաջողեցավ»։


Այս գաղափարը թե՛ հրճվանք պատճառեց Բարպային և թե տարտամ մտահոգություն։ Անիկա ուզեց գիտնալ, թե մետրոները կաշխատեին թե ոչ, և արագ քայլերով ուղղվեցավ դեպի Սոլֆերինո փողոցը, ուր կայան մը կար։


Ոչ միայն փոխադրության միջոցները կպակսեին, այլև անցորդները սակավ էին։ Ազնվապետական պողոտային երկու կողմերեն վեցհարկանի տուները կբարձրանային իրենց փակ փեղկերով ինչպես անառիկ ամրոցներ։


Հասնելով Շան դը Մարսի քառուղին։ Բարպան տեսավ, որ քաղաքի երևույթը կփոխվեր։ Բոլոր սրճարանները լեցուն էին։ Անիկա մտավ անկյունի սրճարան մը և ազատ սեղան մը որոնեց՝ նստելու համար։ Սեղաններու առաջքեն անցած ատեն լսեց, որ մարդիկ կխոսեին, թեև զուսպ զայրույթով, բանվորական գործադուլի մասին։


Բարպան կաթով սուրճ մը պատվիրեց և ականջ դրավ հարևան սեղաններու խոսակցության։ Այդ պարոնները խստորեն կքննադատեին ոստիկանությունը, որ չէր կրցեր առաջքը առնել գործադուլին, բայց ինչ որ կատաղություն կպատճառեր իրենց այն էր, որ Իսսի-լե-Մուլինոյի գործադուլավոր բանվորները «բռնի ումով» արգելք եղեր էին դեղիններուն՝ գործադուլը բեկանելու։


Մյուս կողքի սեղանին շուրջը խուլորեն կխոսեին կոմունիստներու մասին։


— Պետք է այդ մարզիկը գլխատել, եթե կուզենք պահպանել մեր ներքին անդորրությունը,— կըսեր նիհար մարդ մը։


Բարպան անդրադարձավ, որ երկու սեղաններու վրա խոսակցությունը կեդրոնացավ օտարականներու վրա։ Անոնք սեղանին վրայեն գլուխները կմոտեցնեին և կարծես խորհրդավոր բաներ կըսեին։ Բարպան լսեց սովետ բառը։ Այդ միջոցին այդ պարոններեն մեկը, սպառնական խոսքեր ըսելե հետո, ակռաները սեղմեց, պեխերը ոզնիի ստևներու նման ցցվեցան և խուլ մռնչյուն մը արձակեց։