կատին վրայեն դեպի այդ կողմի քունքը կհոսեին տաք և թանձր արյան կաթիլներ։ Բարպան հազիվ նշմարեց դիվահարի շարժումներ իր գլխուն վերև, ոռնացող բերաններ, սպառնական կզակներ և սրունքներ, սրունքներ, սրոնքներ:
Բարպան անգամ մըն ալ բացավ ողջ աչքը և տեսավ կապույտ
երկինքը, որուն վրա ճերմակ ամպի ծվեն մը կսահեր, կարծես
բազկատարած: Բայց թե՛ երկինքը, թե՛ ամպի ծվենը
հանկարծ դարձան գլխապտույտ արագությամբ, և ամեն ինչ
ընկղմեցավ անէության մեջ…
Երբ Բարպան սթափվեցավ, չի հասկցավ, թե ուր է։ Կարծեց,
որ ձերբակալված է և թշնամիներով շրշապատված։ Ան
ամբողջ մարմնին մեջ ցավեր կզգար և կտնքար։ Այդ միջոցին
անծանոթ երիտասարդ մը մոտեցավ անոր և դեմքը
մոտեցուց Բարպայի դեմքին։ Երիտասարդը կժպտեր և նայվածքովը
կհարցուփորձեր։ Բարպան, որուն մեկ աչքը կապված էր
վիրակապով, ողջ աչքը բացավ և նայեցավ, ու այդ
պայծառ դեմքը երևցավ իրեն գերմարդկային գեղեցկությունով:
Բարպան ուզեց խոսիլ, բայց բառերու տեղ անորոշ աղմուկ մը
դուրս եկավ շրթներեն։ Անիկա, կարծես, համակերպեցավ և
լռեց, և երբ երիտասարդին դեմքը բարձրացավ և հեռացավ,
Բարպան աչքը փակեց։ Քիչ հետո քաղցր ձայն մը
կմրմնջեր ականջին՝ «Ընկե՛ր, ընկե՛ր»: Բարպան կրկին աչքը
բացավ և տեսավ նույն երիտասարդը՝ ձեռքը բաժակ մը
բռնած, ուրկե շոգի կբարձրանար։ Բարպային կթվեր, որ իր
վտանգված կյանքը դյուրաբեկ թելով մը կապված էր այդ
երիտասարդին հետ, և նայվածքովր կկառչեր անոր։
Երիտասարդը ազատ ձեռքը դրավ Բարպայի գլխին տակ
և թեթև մը բարձրացուց։
- խմեցե՛ք,— ըսավ ան և բաժակը մոտեցուց Բարպայի շրթունքին։
Բայց Բարպայի կզակն ալ կապված էր, և շրթները ծածկված
էին բամբակով և վիրակապով։
— Լիզե՚թ, Լիզե՚թ,— կանչեց երիտասարդը։
Բարպան աչքը ակամա հեռացուց երիտասարդեն և տեսավ,
որ շիկահեր և մեծղի աղջիկ մը կուգար իր կողմը։