Այս էջը սրբագրված է

չեր, որոնք իրեն թույլ կուտային գուշակելու, որ սրճարանի մը ետևի մասին մեջ էր։


Բարպային մեկ ուսը խախտեր էր, գլուխը և կզակը վիրավորվեր էին, իսկ ամբողջ մարմինը չարաչար խոշտանգվեր էր։ Գլխին վերքերը մաքրեր և հարկ եղած խնամքով կապեր էին, իսկ ուսը չէին կարողացած խնամել հարկ եղած ձևով։ Ռոժեն կմտածեր, որ այդ և ուրիշ մեկ վիրավորյալ պետք է փոխադրեին Կոշեն հիվանդանոցը, ուր ինքը էքստերն էր և ուր հիվանդապահներու և հասարակ ծառայողներու մեջ նվիրված ընկերներ ուներ։ Բայց այդ փոխադրությունը պետք է որ գիշերը կատարեին, երբ քաղաքը հանդարտած կըլլար։ Մեծ բուլվարներով վրա արդեն ցուցարարները ցրված էին: Եթե այդ միջոցին Բարպան հնարավորություն ունենար դուրս գալու, աչքերուն չէր հավատար։ Բոլոր երգեցիկ սրճարանները, գարեջրատուները կշողշողային իրենց լույսերով։ Լյուքսի իրեղեններ վաճառող խանութները լեցուն էին հաճախորդներով։


Բուլվարներու վրա անցորդները՝ իրենց կանանց կամ սիրահարներու հետ թևանցուկ, կզբոսնեին և սրճարաններու տեռասները նստելու տեղ չէին գտներ։ Հեղափոխական ալիքը անցեր էր այդ բոլորի վրայեն՝ որպես ազդարարություն։ Միայն պողոտայի ծառերեն ոմանք զրկվեր էին իրենց երկաթաձող վանդակներեն, և տեղ֊տեղ մայթը քանդված էր։


Բայց Մոնմարտր փողոցի այդ սրճարանին ետևի սրահը եկող ընկերներ լուր կբերեին, որ քաղաքի ծայրամասերուն մեջ դեռ պայքարը ցուցարարներու և ոստիկանության մեջ կշարունակեր։ Բարպան՝ այդ լսելով, մտաբերեց Միհրանը և Յորկին և մատնվեցավ սուր մտատանջության։ Ան կուզեր ելել, հագվիլ և դուրս գալ որոնելու համար իրենները, առանց հաշիվ տալու իրեն այդ բանին անհնարությունը։


— Ուրեմն այժմ լավ եք, հայրի՛կ,— կըսեր Լիզեթը՝ Բարայի առողջ բազուկը վերցնելով և քննելով բազկերակը։


— Թողե՛ք երթամ,- թոթովեց Բարպան։ Քիչ հետո անոր շուրջը հավաքվեցան Ռոժեն, Լիզեթը և երկու ուրիշ նորեկ երիտասարդներ։


— Դուք իտալացի՞ եք,— հարցուց անոնցմե մեկը։