— Ո՛չ,— ըսավ Բարպան։
— Թերևս իսպանացի՞,— հարցուց Ռոժեն։
- Ո՛չ,– ըսավ կրկին Բարպան և ավելցուց,— ես
հայ եմ։
— Ա՜հ, դուք հա՞յ եք, ընկե՛ր,— ըսավ երիտասարդներեն
մեկը,— մեր Բելվիլի և Իսսի-լե-Մուլինոյի հայ ընկերները
հիանալի վարմունք ունեցան։
— Այո, ես հայ եմ,– ըսավ Բարպան և պահ մը լռութենե
հետո ավելցուց.-ի՞նչ կարևորություն ունի հիմա, թե
ի՞նչ ազգե եմ։
— Ճի՛շտ Է, ճի՛շտ Է,— ըսին շրշապատողները,— բրավո՛,
ընկե՛ր, այդ Է ճիշտը։
Բարպան դեռ ուզեց ըսել, որ ինքը միջազգային հեղափոխական
պրոլետարիատի «ազդեն» Է, բայց չի համարձակեցավ
ըսել։ Անիկա, հակառակ իր ցավերուն, կժպտեր իր
մեկ աչքովը։
— Մենք,— ըսավ երիտասարդներեն մեկը,— եթե ձեր
ազգությունը կհարցնենք, պատճառը միայն այն Է, որ գիտնանք,
թե որո՞ւ պետք Է դիմենք ձեզ համար։
— Ես կուզեմ երթալ,—ըսավ Բարպան։
— Լա՛վ, լա՛վ,— ըսավ Ռոժեն,– քիչ հետո կտեսնենք։
Այդ միջոցին դուռը բացվեցավ, և երկու նոր մարդիկ մտան
ներս։
— Լատինական թաղին մեջ գործը կտաքնա կոր,– ըսին
անոնք։
Բարպան ականջ դրավ և հիշեց, որ Բյուլյեի մեջ միտինգ
պիտի ըլլար։
Երկու նորեկները կպատմեին Բյուլյեին առաջքը պատահած
դեպքերու մասին։
Հանկարծ Բարպան գրեթե որոշակի տեսավ Միհրանը այդ
թոհուբոհին մեջ, և սիրտը նվաղեցավ։ Անիկա իր ծանր գլուխը
դրավ իր վերարկուով կազմված բարձին վրա և աչքը գոցեց։
Բարպան իր վերջին ուժերը կամփոփեր՝ դիմավորելու
համար տաժանելի հավանականություններ։