Այս էջը սրբագրված է

պայծառություն, և մտքովը կտեսներ դեպքի վայրին ամբողջ պատկերը և կմտատանջվեր խորհելով, թե ինչպես չէին կարողացեր առաջքը առնել այդ խառնակության, որ, անշուշտ, պրովոկացիայի արդյունք էր։ «Ուզեցին այդ մտավորականները վախցնել, որպեսզի ուրիշ ատեն չի համարձակին միջամուխ ըլլալ բանվորական ցույցերու… այդ է այս դեպքի իմաստը», համառորեն կմտածեր Միհրանը։


— Այսուամենայնիվ, արյան հոսումը պետք է դադրեցնել,— ըսավ այն առաջին երիտասարդը և թևե բռնելով, Միհրանը առաջնորդեց մյուս սրահը։


Նախ բամբակ դրին Միհրանի քթին մեջ և հետո լվացին երեսը և ձեռքերը։


- Անտիպիրին տվե՛ք,— գոչեց իրեն խնամող երիտասարդը։


Սիրուն աղջիկ մը բերավ պահանջված դեղը: Երիտասարդը բամբակով կծիկ մը շինեց և, անտիպիրինի փոշիի մեջ թաթխելով, մտցուց քիթին մինչև խորքը։ Հետո դիտելով Միհրանի դժգույն դեմքը, ըսավ։


— Ուժասպառ եղեր եք… սպասեցե՛ք։


Քիչ հետո երկու սրսկում ըրավ Միհրանին, անիկա միևնույն ատեն կխոսեր.

— Դեպքը հառաջ եկեր է զարմանալի կերպով մը. ոստիկանները հայտարարեր են, թե սրահին մեջ այլևս տեղ չի կա, ցրվեցե՛ք։ Բայց շատերը ըսեր են, որ սուտ է, ոստիկանությունը մեզ կխաբե։ Բայց խնդիրը այն է, որ ոստիկանները առաջին անգամ հարձակեր են անոնց վրա, որ հնազանդելով պատվերին, դուրս են եկեր հերթեն։


— Պրովոկացիա է,– ըսավ Միհրանը։


- Անտարակո՜ւյս,- պատասխանեց երիտասարդը։ Եվ Միհրանը պարզեց իր միտքը այդ պրովոկացիայի պատճառի մասին։


- ճիշտ է,— ըսավ երիտասարդը,— ճիշտ եք գնահատեր։ — Հետո ավելցուց.– հիմակ անցեք մյուս սրահը և պաղ սուրճ մը ուզեցեք, բայց պաղ,— կրկնեց ան։


- Դուք կոմունի՞ստ եք,— հարցուց հանկարծ Միհրանը, անմիջապես զգալով իր այդ հարցումին անպատեհությունը։