Այս էջը սրբագրված է

Ոմանք, սակայն, դեռ իրենց բռունցքները բարձր բռնած էին, ոմանք կշարունակեին դեռ ճոճվիլ «Կարմանյոլի» ռիթմով, իսկ ոմանք երգի բառերը կկրկնեին՝ ատամները սեղմած, պատկերացնելով այն հերոսական օրերը, երբ Փարիզի ժողովուրդը տեր էր դարձեր քաղաքին և իր մարտական հզոր շունչով քանդեր էր ամրոցները, տեղահան ըրեր, քշեր էր բոլոր բռնավորները և անոնց ծառաները և իրենց իսկ արյան մեջ խեղդեր էր այն արյունարբու գազանները, որոնք հեղեղներով արյուն–արցունք և քրտինք թափել տվեր էին։


Քիշ հետո Միհրանը դուրս ելավ, անիկա հանկարծ մտածեր էր, որ Մաննիկը թերևս վերադարձեր էր Կլոզըրի-դե-Լիլա և իրեն կսպասեր։


Անիկա կերթար Մոնպառնասի ետևի փողոցներեն, որոնք հանդարտ Էին։ Հակառակ իր կամքին, անոր միտքը և հոգին խռովահույզ վիճակի մեջ Էին։ Ան կմտածեր նաև Յորկիին, իսկ Բարպայի մասին միամիտ Էր:


— Անիկա Վիկտորյային հետ Մըդոն Է, բարեբախտաբար,— կխորհեր ան,— և թերևս գաղափար իսկ չունին, թե ի՞նչ պատահեցավ քաղաքին մեջ։


Միհրանը անցավ վերջապես Մոնպառնասի բուլվարին վրա. անիկա քիչ մի կարգի բերեր Էր վրան-գլուխը, թեև գլխարկը անհետ կորսնցուցեր Էր, փոշիները թոթվեր, ձեռքերը, երեսը լվացեր Էր, բայց դարձյալ հայտնի Էր, որ ան դուրս եկած Էր դեպքի վայրեն։ Անցորդներեն ոմանք հետաքրքիր և զվարճացող աչքերով կդիտեին զինքը, ոմանք` համակրանքո՞վ, ոմանք՝ հեգնությամբ և ոմանք՝ խուլ ատելությամբ։


— Մեյ մը Մաննիկը տեսնեմ և հետո երթամ Պերմանանս, — մտածեց անիկա։


Քանի կհառաջանար բուլվարի վրա, այնքան կհասկնար, որ իր այդ երևույթովը վտանգավոր Էր փողոցը մնալ։ Եթե անգամ մը տուն հանդիպեր, լավ կըլլար, բայց Բրոկա փողոցը շատ հեռու Էր, իսկ Մարիայի մոտ երթալը իրեն թվեցավ անկարելի, կարծես տարիներե ի վեր բաժնված Էին իրարմե։


Այդ միջոցին մեկը զարկավ ուսին։

— Ա՜ հ, մոն վիյե,– ըսավ ան,— ուրկե՞դուրս կուգաս։