Այս էջը սրբագրված է

լու համար…— Մտածեցի, որ ճամփորդութենեն եկած մարդիկը կազդուրվելու պետք ունին, պոտօֆե մը պատրաստեցի… հետո ձեզ սպասեցի… հարյուր անգամ գացի սանդուղին գլուխը, զարկի այս «կեղտոտ անասունին» դուռը,– կըսեր ան, չի մոռնալով թափ մը տալու Յորկիի ուսին և փաղաքշանքով ժպտելով անոր,— վերջապես ահա ձեռք անցուցի այս երիտասարդները։


Եվ մադամ Լենը անսահմանորեն երջանիկ էր, որ հաջողեր էր իր խորամանկության մեջ և, հանկարծակիի բերելով, հասեր էր իր նպատակին՝ հյուրասիրել Յորկիին նորեկ ազգականները։


- Ա՜հ, կարելի է ըսել, Ժորժը որքան անհանգիստ էր ձեզ համար… նախ որ, երբ ձեր հեռագիրը ստացավ Մարսիլիայեն, վազեց իմ վրաս… Նա ուրախութենեն կպարեր, հետո մտահոգ էր ձեր ճամփորդության համար, ձեր կրելիք տպավորոլթյուններուն համար, ձեր ապագա կյանքին համար… հետո դարձյալ ուրախ էր, որ միասին պիտի ըլլաք…


— Բավակա՛ն է,— ըսավ Յորկին մեղմությամբ։


Մադամ Լենը հազիվ քսանհինգ տարեկան, նիհար և բարձրահասակ կին մըն էր, որուն դեմքը, առանց գեղեցիկ ըլլալու, հաճելի էր, մանավանդ, երբ անիկա մանրակրկիտ արդուզարդը ընելե հետո կներկայանար մարդոց։ Անիկա, պարտկելու համար իր նիհարությունը, երկու-երեք ներքնազգեստ կհագներ և կուրծքին վրա միշտ կկրեր ժանյակե կամ մուսըլինե զարդեր, որոնց հոծ ծալքերը կծածկեին անոր տափակ կուրծքը։ Քիչ մը լայն ճակատին վրա խարտյաշ մազերը՝ երկուքի բաժնված, կիջնային մինչև ականջները և ծոծրակին վրա կամփոփվեին կեղծ շինյոնի մը ներքև։ Անիկա՝ դյուրաշարժ և ճկուն, կնմաներ թրթռուն և վաղանցիկ թիթեռնիկի մը, որ ավելի կթռչկոտեր, քան թե կքալեր, և անվերջ կշատախոսեր, նույնիսկ մինակ եղած ատենը, կարծես անդադար հալածելով իր՝ առանձին ապրող կնոջ շրջապատող լռությունը։


Տանը մեջ կճանչնային մադամ Լենը, որովհետև անիկա միշտ պատրաստակամ էր ծառայություն ընելու մեկին և