Այս էջը սրբագրված է

լուծված մնալով, բոլոր մյուս ուրախությունները և տխրությունները կստանային հարաբերական արժեք։ Երբեք չէր պատահած, որ Մարիան լիուլի վայելեր որևէ հաճելի պահ՝ իր ընկերուհիներու հետ, որովհետև իր մտքին մեջ գամված էր այն գաղափարը, թե դեռ ոչ ոք չէ զիջած իրեն ընտրել որպես ընկերուհի։ Մինչդեռ Միհրանի հետ կապվելե հետո Մարիան իրեն զգացեր էր ազատ, ազատվեր էր տանջող դյուրազգացություններեն և խուճապային մտատանջություններեն։ Եվ այժմ կարող էր կրկին իյնալ մինակ մնացած կնոջ դրության մեջ։ «Օ՜հ, ո՛չ, ո՛չ,— կմտածեր Մարիան,— պետք է Միհրանը համոզվի, որ իր և Բարունակի մեջ ոչինչ չէր պատահած, իրենց հարաբերությունները մնացեր էին զուտ ընկերական»։ Իսկ եթե Միհրանը համարեր, որ նեղը մնացած ընկեր մը իր սենյակին մեջ հյուրընկալելը անպատշաճ բան էր, ուրեմն ան՝ Միհրանն էր, որ կիյնար հակասության մեջ։ Բուրժուական բարոյականով այդ ճիշտ էր, բայց մի՞թե իրենք ազատագրված չեն այդ բարոյականեն, մի՞թե իրենք հետևեցան այդ բարոյականին, երբ իրարու միացան ազատ սիրով «մարդոց և բնության առաջ»։


Բայց Մարիան, միտքովը փաստաբանելով իր դատը, կըմբռներ շատ լավ, որ այսպես թե այնպես իր և Միհրանի մեջ բոլոր կապերը խզված էին։ Անիկա գիտեր, որ Միհրանը ընդունակ չէր զինքը մեղադրելու, տեսարաններ սարքելու։ Անիկա մեղմ էր, բայց ճկուն, և անոր դիմադրությունը խորտակել դժվար էր, որովհետև ճիշտ այդ ճկունության հետեվանքով շոշափելի անկյուն չէր ներկայացներ։


Մարիան ինկավ մտատանջության մեջ և քանի մը րոպե մտածումը տարտամեցավ անորոշության մեջ։ Հետո սթափվեցավ և խորհեցավ.


«Նախ խղճմտորեն կկատարեմ իր տված պատվերները, երկու օր հետո կերթամ էտամպ, հետո կտեսնենք։ Առայժմ Միհրանը իմ հորս տանն է, իմ ծնողքիս խնամքին հանձընված… Ան չի կարող հորս հյուրընկալությունը ընդունիլ և հետևյալ օրը հայտնել, որ կբաժնվի աղջիկեն։ Օ՜հ, ո՛չ, Միհրանը անկարող է այդպիսի բիրտ վարմունք ունենալու»։