Այս էջը սրբագրված է

ամեն մեկի պատահած հավանական դժբախտության համար։


Վիկտորյան կուգար խոհանոց, կնստեր աթոռի մը վրա և ձեռքերը ծունկերուն զարնելով՝ կմղկտար, ինչպես եթե ֆիզիկական ցավ մը ունենար։ Երբեմն ալ կմտածեր, թե անկարելի է, որ երեքով փորձանքի հանդիպեին, կույր դիպվածը, այդքան մեծ բազմության մեջ, չէր կարող իր հարվածները իջեցնել ճիշտ իր երեք սիրելիներուն… «Հավանական է,— կմտածեր անիկա,— երեքով տեղ մըն են և շուտով միասին կուգան»։ Եվ կմտադրեր լավ մը հանդիմանել երեքն ալ՝ զինքը այդպիսի դողերու մատնած ըլլալնուն համար։ Բայց ան անմիջապես կմեղադրեր ինքզինքը, այդպիսի միտք հղանալուն և ինքնիրեն կմրմնջեր.


— Ա՜խ, մեյ մը գան, երեսնին տեսնեմ, ալ ուրիշ բան չեմ ուզեր։


Անիկա ականջ կդներ փողոցի սակավաթիվ անցորդներով ոտնաձայնին, հույս կառներ, երբ կմոտենային իր դռանը, և ավելի խոր հուսահատության մեջ կիյնար, երբ անցորդները կանցնեին կերթային մյուս ուղղությամբ։ Երբեմն ալ, ոտնաձայն լսելով փողոցին մեջ, փոխանակ հույս առնելով, կտագնապեր, իրեն կթվեր, որ մարդիկ կուգան վատ լուր բերելու իրեն, և շունչը բռնած, ինքն իրեն կտեսներ այդ վատ լուրը լսելե հետո՝ դժբախտ կնոջ իր պատկերովը։


Ժամը տասնմեկի ժամանակները, այլևս չի կրնալով դիմանալ, Վիկտորյան ելավ պարտեզ և տեսավ, որ վերի հարկի դրացիները դեռ լույս ունեին։ Անիկա մտադրեց խնդրել իր հարևանեն, որ երթար կայարանները, տեղեկություն ստանար, թերևս արկած մը պատահած էր երկաթուղագծի վրա։ Վիկտորյան հոժարակամ ինքը կերթար, բայց կվախնար, որ այդ միջոցին Բարպան և տղաքը կուգային, դուռը կմնային և մտահոգ կըլլային իրեն՝ Վիկտորյային համար։


Մայիսյան զով գիշերին մեջ անիկա բոլոր մարմնովը կդողար, երբ բարձրացավ սանդուղներեն։ Հարևանը, Վիկտորյան տեսնելով այդ անսովոր ժամուն և այդքան այլայլած վիճակի մեջ, հարցուց անմիջապես.


- Խեր ըլլա՛, տիկին Վիկտորյա՛, ի՞նչ պատահեցավ: