Բարպան ըրած ջանքերեն քրտինք կթափեր, բայց անոր բաց մնացած աչքը, կարծես թե, ուրախության ցոլք մը ունեցավ, երբ ինքզինքը գտավ իր սենյակին ընտանի շրջանակին մեջ, և երբ այդ աչքը հանդիպեցավ Վիկտորյայի դեմքին։
Անիկա իր ձեռքը երկարեց երիտասարդին և մռլտաց վիրակապի
տակեն.
— Շնորհակալությո՛ւն, ընկե՛ր։
— Մեզմե մեկնումեկը վաղը անպատճառ կանցնի ձեզ
մոտ,– ըսավ երիտասարդը և մեկնեցավ։
Տանը սեմին վրա երիտասարդը մտերմաբար խոսեցավ
Վիկտորյային հետ.
— Մայրի՛կ, այսօր իսկ բժիշկ կանչեցեք, պետք է լավ
խնամել հիվանդը, մինչև բժիշկի գալը միայն կաթ կամ
կաթնեղեն տվեք և ջուր՝ որքան որ ուզե։
Վիկտորյան հնազանդ երեխայի պես կլսեր երիտասարդին
խոսքերը, անոր ամեն մեկ բառին հավանության նշաններ
ընելով, բայց անոր միտքը պաշարված էր հարցումով
մը։
— Ո՞ւր են Միհրանը, Յորկին,— ըսավ ան։
- Այդ ես չեմ գիտեր,— պատասխանեց երիտասարդը,
հրաժեշտ տվեց և մտավ տաքսին։
Բարպան գտնելով, Վիկտորյայի անձկությունը չի մեղմացավ,
ընդհակառակը, անոր ջարդուկտոր եղած վիճակը
իրեն մտածել կուտար, որ ավելի ծանր բաներ պատահած
են Միհրանին և Յորկիին։ Անիկա դարձյալ կերթար խոհանոց,
ձեռքերը ծնկներուն կզարներ և կողբար, բայց երբ կուգար
Բարպային մոտ, կջանար իր հուզմունքը ծածկել։ Բայց
Բարպայի աչքն ալ դարձեր էր հարցական։ Երբ բժիշկը եկավ
և հիվանդը քննելե ու դարմաններ պատվիրելե հետո
հեռացավ, Բարպան հարցուց Վիկտորյային.
— Ո՜ւր են տղաքը։
Վիկտորյան, որ աթոռով նստած էր մահճակալին քով,
ինկավ Բարպային ծունկերուն վրա և սկսավ հեկեկալով
լալ։ Բարպան ցցվեցավ անկողնին մեջ. անիկա շփոթ ձայնով
կգոռար.