Այս էջը սրբագրված է

տինը ծածկված էր ինկած տերևներով, որոնք աշնանային նրբերանգ գույներով, նախշուն գորգի պես կծածկեին սև և պարարտ հողը:


Բարպայի դեմքը ավելի խորշոմեր և կարծես ճերմկեր Էր։ Անոր աչքերը լի Էին հանդարտ տխրությունով։ Անոր սպիտակած և թավ պեխերը կկախվեին բերնի երկու կողմերեն, և որոնց տակ ծածկված դժգույն շրթունքը կկրեին հիասթափ մարդու լուռ արտահայտությունը։


Բայց Բարպա Խաչիկի տխրությունը կբխեր ո՛չ իր հիվանդութենեն և ոչ ալ աշնանային մելամաղձոտ գյուղանկարեն։ Ան շատ լուրջ պատճառներ ուներ մտահոգ ըլլալու թե ներկային և թե՛ ապագային համար։ Անիկա իր մտահոգությունները կծածկեր Վիկտորյայեն, ինչպես նաև Միհրանեն, որ շաբաթե մը ի վեր Մըդոն ապաստանած Էր, բայց երկուքն ալ Բարպա Խաչիկի երկար և մտատանջ լռութենեն կգուշակեին անոր ներքին տանջանքը։


Անգործության ամիսներու ընթացքին Բարպան սպառեր Էր իր փոքրիկ խնայողությունը և օգոստոսի 15֊ին հրաժարագիր տվեր Էր Մըդոնի տան տիրոջը։ Ուրեմն ան հոկտեմբերի 15-ին պետք Է փոխադրվեր Փարիզ, Երբ Բարպան որևէ գործ գտնելու հույսը կորսնցուցեր էր, չուզելով բեռ ըլլալ Յորկիին և Միհրանին վրա, որոշեր էր ծախքերը սահմանափակել։ Իսկ հետո արդեն կացությունը այնպես էր դասավորվեր, որ իր հարազատները, Յորկին և Միհրանը, նույնպես դարձեր էին անկարող իրեն օգնելու։


Առավոտյան այդ վաղ ժամուն, խոհանոցի սեմին վրա կանգնած, Բարպան կմտածեր իր ամբողջ կյանքին վրա և կդատեր, որ աշխարհս դաժանորեն անարդար է։ Տասներկու տարեկանեն սկսյալ անդուլ–անդադար աշխատեր էր, Բարպան իր աշխատանքը կատարեր էր ոչ թե իբրև հարկադրություն, այլ սիրով և հպարտությամբ, կարելի է ըսել անշահախնդրությամբ։ Կյանքը տրորեր էր զինքը, անցուցեր էր տառապանքի զանազան բովերե, բայց, այսուամենայնիվ, իր կյանքի ամենադաժան օրերուն, երբ կարողացեր էր աշխատիլ, մխիթարություն գտեր էր։ Բարպան, թողելով մուրճը և հեռանալով սալեն, կորսնցուցեր էր իր կյանքի իմաստը,