Այս էջը սրբագրված է

իր իմացականությունը, իր բոլոր արժանիքները։ Ան կզգար, որ անգործության մեջ, երբ իրեն համար հնարավոր չէր գոնե երթալ ուրիշներու աշխատանքը դիտել, իր բազմամյա փորձառությունը օգտագործել խորհուրդներ տալով, ապա ուրեմն կկորսնցներ նաև իր խելքը, կդառնար տեսակ մը անմիտ մարդ, որ այլևս ապրելու իրավունք չունի։


Բարպա Խաչիկը ըմբոստությամբ կմտածեր, որ իր նման աշխատավորը արժանի չէր այդ վախճանին, և ան չէր կըրնար համակերպիլ իր վիճակի անարդարության։


Խոհանոցի քարերուն վրա Վիկտորյայի մուճակներու քսքսվող աղմուկը սթափեցուց Բարպան։ Անիկա ետև դարձավ և երկար ու խոր նայվածքով մը նայեցավ Վիկտորյային։ Ամեն անգամ, որ Բարպան այդ նայվածքը կուղղեր կնոջը, Վիկտորյային սիրտը թունդ կելլեր։ Բարպայի այդ նայվածքը կարտահայտեր խոր ակնածանք դեպի Վիկտորյան և անսահման երախտապարտություն։ Բարպան իր կյանքի ամբողջ ընթացքին առիթ ունեցեր էր գնահատելու իր կնոջը թանկագին հատկությունները, բայց այս վերջին ամիսներուն Բարպան հասկցեր էր, թե ինչքան դեռ թաքուն արժանիքներ կային ծածկված Վիկտորյայի անսահման գորովանքին մեջ։


Վիկտորյան դիմավորեր էր իրենց տնտեսական վիճակի փոփոխությունը հանդարտությամբ, նույնիսկ, կարծես, տեսակ մը ուրախությամբ։ Վիկտորյան անտարբեր դարձեր էր հարակից բոլոր անպատեհություններուն այն օրեն, երբ, թեև ջարդված, Բարպան ողջ վերադարձեր էր տուն, և Միհրանեն ու Յորկիեն լուր ստացեր էր։ Վիկտորյայի անսահման գորովանքը վհատություն չէր ճանչնար։ Թո՛ղ իր սիրելիները ողջ ըլլային, բոլոր մնացած խնդիրները այսպես թե այնպես կլուծվեին։


Անիկա, գիշեր-ցորեկ հսկելով, բժիշկի խորհուրդներուն կետ առ կետ հետևելով, խնամեր էր Բարպան հիվանդության ամբողջ շրջանին։ Երբ առաջին անգամ Բարպան կրցեր էր կանգնիլ իր դեռ վատուժ սրունքներուն վրա, Վիկտորյան ունեցեր էր գրեթե մայրական զգացում կյանքի վերադարձող իր ծերունի ամուսնույն համար։