Այս էջը սրբագրված է

դեռ որոշ ժամանակ չէր կրնար օգնության հասնիլ Բարպային և Վիկտորյային։ Անիկա անհամբերությամբ կսպասեր իր անցագրին, որպեսզի ճամփա ելլեր և Խորհրդային Հայաստան հասնելե հետո միջոցներ ստեղծեր Բարպան և Վիկտորյան փոխադրելու այնտեղ։

                    *
                 *     *

Միհրանը Մարիայեն իր կապերը խզեր էր ավելի դյուրությամբ, քան թե ինքը կկարծեր։ Մարիա Սոլը հասկցեր էր, որ որևէ հույս չի կա Միհրանի մեջ վերազարթնեցնելու այն զգացումները, որոնք, Մարիայի կարծիքով, խզվեր էին Բարունակին ապաստան տալուն համար։ Այդ օրերուն, բարեբախտաբար, Մարիայի հորիզոնին վրա կուրվագծվեր նորվեգիացի երիտասարդ մը, որ կպաշտեր Ռոմեն Ռոլանը և Մարիայի մեջ կկարծեր տեսնել ֆրանսիացի մեծ հեղինակին արժանի մեկ հերոսուհին։


Վերջին անգամը, որ Մարիան Մոն֊Պոր եկեր էր Միհրանին լուր բերելու, անոնք առանձին մնացեր էին պարտեզին մեջ և, կողք֊կողքի քալելով արահետներեն, խոսեր էին հանդարտությամբ։


— Միհրա՛ն,— ըսավ Մարիան,— ես կզգամ, որ դուն այլևս չես սիրեր ինձ։


— Ես կսիրեմ և կհարգեմ քեզ որպես ընկերուհի, — ըսավ Միհրանը։


Մարիան կացության անհամապատասխան չափով ուրախացավ։ Անիկա կանգ առավ և, երկու ձեռքերը դնելով Միհրանի ուսին, ըսավ եռանդով.


— Ուրեմն, մենք կմնանք ընկերներ, մտերիմ բարեկամներ…


— Իհարկե ,— ըսավ Միհրանը։


Հետո Մարիան ազատորեն և պարզությամբ խոսեցավ Բարունակի մասին։


— Ես քեզ կխոստովանիմ,— ըսավ ան,— որ առաջին հանդիպումին շատ մեծ կարծիք ունեցա այդ երիտասարդին վրա, հետո, իմ այդ առաջին տպավորությամբ, որոշ չափով