Այս էջը սրբագրված է

Անոր կանանչավուն աչքերը կփայլեին հրայրքով։ Սենյակի կիսաստվերի մեջ Միհրանին դժգույն և նիհար դեմքը կարտահայտեր մեծ բաներու պատրաստվող մարդու խոհուն ոգևորությունը։


— Հիմակ քիչ մըն ալ խոսինք, թե ինչպես պիտի կարգավորենք մեր կյանքը,— ըսավ Յորկին…— Եթե անպատեհություն չես գտներ, կբնակինք միասին. կվերցնենք չկահավորված երկու կամ երեք սենյակով բնակարան մը. դժվար է, բայց անկարելի չէ ծայրաթաղերու մեջ։ Մենք երկուքս կաշխատինք, ծերունիները կպահենք…


— Բարպան երբեք չի համաձայնից այդ բանին,— ըսավ Միհրանը,— անիկա Ֆրանսա եկավ այն միտքով, որ ինքը կաշխատի և ես կերթամ համալսարան…


Յորկին տեղեն վեր ցատկեց.


֊Մի՛շտ նույնը… Ի՞նչ անչափելի միամտություն… Նախ որ համալսարանները բուրժուայի տղոց համար են… ես քեզ ուրիշ ատեն կբացատրեմ, թե ինչպես։


— Ես ալ արդեն,– ըսավ Միհրանը,– որևէ դիտավորություն չունիմ ծանրանալու խեղճ Բարպային վրա, բայց Բարպան կտխրի և վհատության մեջ կիյնա, եթե անգործ մնա… Ո՛չ, նա չի կարող տանիլ այդպիսի կացություն, մահացու հարված կըլլա իրեն համար։


— Բայց, Միհրա՛ն, ո՞ւրտեղեն կուգաք կոր, կարծեք լուսինեն եկեր եք… Այդ տարիքը մարդուն գործ չեն տար, այն ալ նոր գործի մտնող մարդ, այն ալ օտարական…


— Բայց աղվոր արհեստ ունի, վարպետ է,— առարկեց Միհրանը։


— Պետք չէ,— ըսավ Յորկին,— այսօրվան վարպետները մեքենաներն են… արհեստավորի համար տեղ չի կա… Մի՞թե չեք դիտեր, թե ի՞նչ կկատարվի… մեծ դպրոցներե ելած մասնագետներ, եթե դրամագլուխ չունին, ստիպված են աշխատիլ կա՛մ մանր֊մունր գործերու մեջ, կա՛մ իբր սևագործ բանվոր։ Մեր գործարանին մեջ օտարազգի փաստաբաններ, բժիշկներ, ճարտարապետներ, նույնիսկ նախկին դեպուտատներ կան, որքան որ կուզես, որ կաշխատին որպես բանվոր, իսկ քաղաքին շոֆերներուն մեկ ստվար մասը տարագիր