Այս էջը սրբագրված է

մեջ, անոր հևքը, կարծես, անվերջ կկրկներ՝ «այս է կյանքը, այս է կյանքը»։


Միհրանը և Բարպան առավոտուն կանուխ ընդոստ կարթննային զարթեցնող ժամացույցի զիլ ձայնով… կնետվեին անկողնե դուրս, կլվացվեին և կհագվեին՝ րոպեները հաշվելով, հետո վազեվազ կիջնային սանդուղներեն, եթե տանը պատրաստ չըլլար կաթով սուրճը, կմտնեին անկյունի սրճարանը և այնտեղ՝ զենկին առաջ, արմնկահարելով ուրիշ շտապող աշխատավորներ, լեզուներնին և շրթներնին այրելով, կխմեին եռուն սուրճը և դուրս կնետվեին՝ մտնելու համար մետրոյի կայարանը։


Բարպա Խաչիկը երբեմն մեծ փափագ կունենար ծուխով և մարդկանց աղմուկով լի այդ տաք սրճարանին մեջ անկյուն մը, սեղանի մը առաջ նստելու, հանգիստ խմելու սուրճը և կարդալու թերթը, որը անցած ատեն կվերցնեին լրագրավաճառի ցուցափեղկեն, առաջուց պատրաստած մանրուք փողը դնելով փոքրիկ պնակի մը մեջ։ Բայց ժամանակ չի կար… և, կարծես, երբեք այդ ժամանակը չի պիտի ըլլար՝ պահ մը կանգ առնելու, շունչ առնելու, մտածելու, հիշելու, բանի մը մասին մտածելու համար։


Առավոտյան աղոտ և խոնավ օդին մեջ, հաճախ մի օրինակ իջնող անձրևի տակ — այդ անձրևը, որ նույնպես, կարծես, երբեք չէր դադրեր և անընդհատ կհալածեր զիրենք,– գրեթե վազելով կերթային Պլաս դ'Իտալի և խոնավ վերարկուով կմտնեին մետրոյի կայարանը։ Անոնք կիջնեին սանդուղներն և ամեն հարկի վրա, հովի պես արագ անցնելով նրբանցքներու լաբիրինթոսն մը, կարծես իրար հալածելով, իրենց առաջքեն կին և տղամարդ կվազեին, և իրենց ետեվեն ալ կլսեին ներբաններու արագ և թեթև հպումները գետնին վրա, կմտնեին կամարներու տակ, վարը, գետնի տակերը, կարծես երախ մը կար, որ անվերջ կուլ կուտար մարդկային այդ բազմությունները, որովհետև արագ֊արագ, նույնիսկ սպասելու ժամանակ չունենալով, անոնք կանցնեին մեկ հերթեն մյուսը, մինչև կանգնեին մետրոյի քարափին վրա, ուր կընդունվեին, դարձող մեքենայի անցքով, միայն որոշ թիվով մարդիկ, ու դեռ շունչ չառած՝ մետրոյի գնաց–