Այս էջը սրբագրված է

խփելով — ինչ որ հաջողությամբ խոսելու նշան էր,— մեծ համերաշխությամբ կընդունեին այդ սխալը, որպես իրենց ազգային արժանապատվությունը փրկող ազդեցիկ միջոց մը։


Օր մը Բարպային մոտեցավ պատկառելի երևույթով, մոտ քառասուն տարեկան մարդ մը և նստեցավ սեղանին առաջ: Անիկա ձեռքը ուներ «Հառաջ» թերթը և առանց այլևայլի Բարպային մատնանշեց հոդված մը խորհրդայնացած Հայաստանի մասին՝ «սեփական թղթակիցե»։


— Այս բոլշևիկներն ալ համը փախցուցին,— ըսավ ան:


— Ի՞նչ են ըրեր բոլշևիկները,— հարցուց Օարպան մեղմությամբ։


— Ճանըմ, ի՛նչ կըսես,– ըսավ մարդը,— հա֊ի մը, չէ-ի մը համար մարդիկը ծակը կնետեն կոր, գյուղացիներուն պահած ցորենին վերջին հատիկը կխլեն կոր, հատտ ունին նե՝ չի տան… Չէ՜, ես չեմ հավնիր կոր այս եղածներուն,— ըսավ մարդը՝ քիթը֊բերանը ծամածռելով։


— Այդ բոլորը սուտ է,— ըսավ Բարպան դարձյալ մեղմ, բայց հաստատ ձայնով։


— Ինչպե՜ս թե սուտ է,— գոչեց մարդը՝ ընդոստ դառնալով Բարպային,— «Հառաջը» գրեր է…


Անիկա նստեր էր սեղանին առաջ այնպես, որ կիսադեմքը կդարձներ Բարպային և մեկ արմունկը դրեր էր սեղանին եզրին։ Բարպան դիտեց, որ անիկա հագված է մեծագին վերարկու մը և քիթին վրա կկրե ոսկի շրջանակով ակնոց։


— Հրամանքդ պոլսեցի՞ ես,— հարցուց մարդը Բարպա֊ յին:


Բարպային հաստատական պատասխանին վրա մարդը ինքզինքը ներկայացուց.


— Սարգիս էֆենդի, բնիկ երզնկացի։— Բայց անիկա փոքր հասակեն եկեր էր Պոլիս, այնտեղ գորգի վաճառական էր, գործը լավ էր, բայց վերջերս տագնապը սաստկացեր էր։


— Ես ալ ըսի, որ երթամ բախտս ուրիշ տեղ փորձեմ…— ըսավ ան։


Բարպան պարզ քաղաքավարության համար հարցուց, թե Փարիզի մեջ լավ գործ կընե՞ր հիմա: