Այս էջը սրբագրված է

— Ձգե, ճանըմ,- ըսավ Սարգիս էֆենդին,— այստեղ ամենքն ալ հրեա են, ամեն մեկ գործդ մազե կանցընեն, հավկիթին մեջ մազ կփնտրեն, ո՞ւր է մեր երանելի Թուրքիան, ինչ ուզեինք, կընեինք… մանավանդ, հին գլուխ թուրքերուն ատենը… է՜հ, այդ օրերը անցան գացին, ալ ետ չեն դառնար։ Ասոնք կուզեն, որ առաջվընե գիներդ որոշես, հայտարարես. մեր գործը սըր գործ է, հիշ ատանկ բան կըլլա՞, ճանըմ, առևտուրի մեջ, ո՞ւր տեսնված է… հարյուր արժող բանը հազարի կծախեմ, որի՞ ինչ, ատիկա իմ հելալ շահս է… ասոնք առևտուրի այբուբենը անգամ չեն հասկնար կոր…


Հետո գանգատեցավ, որ եթե գիները բարձր նշանակե առաջուց, ըստ այնմ տուրք պիտի վճարե։


— Վերջապես, անել վիճակ,— ըսավ ան։


Հետո ուզեց կոնյակ մը հրամցնել Բարպային, բայց Բարպան վճռականապես մերժեց։


Սարգիս էֆենդին զարմացավ.


— Ի՞նչ է, գործերը գեշ է ըսի նե, կարծեցիր, որ փարա չունի՞մ,— ըսավ անիկա…


Եվ երեսը դարձնելով Բարպային, սկսավ պատմել, որ հնարք մը գտեր և ճամփորդության առիթով վեց հազար ֆրանկ վաստակեր էր։ Սարգիս էֆենդին ծիծաղեցավ, վերհիշելով իր հնարքը և չի դիմանալով իր խոսակիցը զարմացնելու փափագին, պատմեց, թե ինչպես իր երկու սնդուկները ապահովագրեր էր, հետո հնարքով մը Հռոմի մեջ առեր էր, բայց հաջողեր էր կոնեսըմանները քովը պահել, «այստեղ՝ ծոցիս մեջ», ըսավ անիկա՝ սրտին կողմը ցույց տալով։


Բարպան ապշած կնայեր խոսակցին։


— Հապա՞,— ըսավ անիկա…— թե՛ վագոն-լիով ճամփորդեցի և թե՛ վեց հազար ֆրանկ շահեցա. գործ ըսածդ այդպես կըլլա… թող ուզածնուն չափ այս հերիֆները տետրակներս քրքրեն, ինձի հետ գլուխ չեն կրնար ելլալ:


Հետո բացատրեց, թե ինչպես ուրիշ հնարք մը գտեր Էր գորգեր ծախելու՝ նվազագույն տուրքը վճարելով։


— Մեկու մը կհանձնեմ գորգերս, որուն վրա առնելիք կունենամ… Աստեղ թրքերեն լեզվով կեղծ մուրհակներ