Երկու երիտասարդները բուռն կերպով հետաքրքրվեցան և սկսան հարցումներ ուղղել Բարպային։
Բարպան, որ Միհրանի բաժակն ալ պարպեր էր, այս վերջինի
հրավերով, հետզհետե կոգևորվեր։ Բարպան զգացված
կդիտեր Վահրամի նիհար դեմքը, որ լրջությամբ կլսեր իր
խոսքերը և երբեմն կնոթագրեր։ Այդ ուշադիր հետաքրքրության
տակ Բարպան առաջին անգամ իր կյանքին մեջ անդրադարձավ,
որ տարիներ առաջ, Պոլսո մեջ, Վասիլի և ընկերներու հետ
կազմած ծրագիրները և կատարած փորձերը կարևորություն
մը և արժեք մը ունեին։ Երիտասարդները,նախ, իրեն հետ
կխոսեին ընկեր Խաչիկ ըսելով, բայց երբ լսեցին, որ
Միհրանը և Յորկին իրենց քեռին Բարպա կկոչեին և լսեցին
այդ անվան նշանակությունը, ըսին անոր.
- Ընկեր Խաչիկ, դուն մեր ալ Բարպան ես, մեր սիրելի
քեռին… այն գործը, որուն համար մենք պատրաստ ենք
ամեն կարգի զոհողության, դուք արդեն այնտեղ սկսեր եք,
ձեր այնտեղի և ժամանակի հնարավորության չափով…
- Մենք չի հաջողեցանք,— ըսավ Բարպան, բայց ոչ
տխրությամբ, և ուշադրությամբ սպասեց այդ երիտասարդներու
պատասխանին։
- Դուք չի հաջողեցաք,– ըսավ Վահրամը,– որովհետև
ուրիշ կերպ չէր կրնար ըլլալ, բայց մենք կհաջողինք։ Մեր
պայքարը, Բարպա, կվերջանա հաղթանակով, և այն ատեն
ձեր կատարած գործը չի կորչիր, իր արժեքը կստանա, անիկա
կդառնա մեր աշխատավորության ազատագրման պայքարի
առաջին հանգրվաններեն մեկը…
Բարպան մատնվեր էր հուզմունքի և խորապես զարմացած էր,
որ այդ ուսումնական տղաքը—անոնք ուսանողներ
էին—իրենց վրա վերցուցեր էին աշխատավոր մարգոց հոգերը.
անիկա հանկարծ հիշեց Վասիլը և խոր հառաչելով՝ ըսավ.
- Վասիլը ողջ ըլլա՜ր, տեսնա՜ր…
Հետո այդ երիտասարդները Միհրանին հետ խոսեցան
գաղութահայ կյանքի վերաբերյալ զանազան գործերու մասին։
Բարպան բուռն հետաքրքրությամբ կլսեր անոնց խոսքերը,
անիկա շատ բան չէր հասկնար և կմտագրեր հետո