Այս էջը սրբագրված է

հատեր իր արժեքով։ Հաճախ անիկա կշնորհավորեր Բարպան, երբ անոր թանձր մատները, էլեկտրական փոքրիկ հնոցին առաջ, երկաթը կձևակերպեին՝ առանց թուղթի վրա մոդելը ունենալու, իր մտքի հղացումին համեմատ և մասամբ հետևելով րոպեական ներշնչումներուն։ Բարպան շուտով իրազեկ դարձեր Էր փարիզյան ճաշակի պահանջներուն, հասկցեր էր զարդարանքներու մեջ ժուժկալության արժեքը, ըմբռներ էր մանրամասնությունները առարկային ընդհանուր ձևին մեջ մտցնելու անհրաժեշտությունը և հաջողեր էր առաջին շաբաթներեն իսկ իր պատվավոր տեղը գրավելու դարբնոց–արվեստանոցին ընտրյալ աշխատավորներու շարքին մեջ։ Բացի Բարպան, կային այնտեղ ութ բանվորներ, որոնք բնավ նմանություն չունեին Միհրանի և Յորկիի ընկերներուն հետ, ինչպես նաև բանվորական սրճարաններու մեջ հանդիպած աշխատավորներուն հետ։ Անոնք ամենքն ալ մաքուր կհագվեին և երբ առավոտուն կհասնեին աշխատանոց, կհանեին իրենց բաճկոնները և կհագվեին գորշագույն երկար վերնաշապիկներ, որոնց վերի կոճակը բաց մնալով, կերևեին օսլայած օձիքը և փողկապը, ոմանք ակնոց կկրեին և բարձրադիր և շեղակի սեղանի մը վրա կգծագրեին իրենց դարբնելիք առարկայի օրինակները: Անոնք մաքուր գրական լեզվով կխոսեին և կզգուշանային արգո գործածելե։ Առաջին անգամ, որ նորեկ աշկերտ մը «մեր կապիկը» ըսավ պարոն Ռաուլին համար, բոլորը մեկանց բողոքեցին։


— Չի համարձակի՛ս,— ըսին անոնք,— այստեղ մտցնել քու փողոցային բառապաշարը։


- Ուրեմն, այստեղ արհեստանոց չէ, բողոքականներու ժողովարան է,— ըսավ պատանին և հետևյալ օրը չերևցավ այլևս։


Երբ Բարպան, Յորկիի և Միհրանի խորհրդով, արձանագրվեցավ յունիտեր սենդիկայի մեջ և քարտը ստացավ, անիկա գոհունակությամբ հայտնեց այդ բանը Հանրի անունով իր մեկ ընկերոջը, որուն հետ ավելի մտերմացեր էր, և ուզեց գիտնալ, թե ուրիշ ո՞վ կար դարբնոցին մեջ նույն սենդիկայի անդամ։


— Մենք այստեղ,– ըսավ Հանրին,– ոչ մեկ սենդիկե