Այս էջը սրբագրված է
                    *     *

Բարպա Խաչիկը Մըդոն-Վալ-Ֆլերի կրցավ տեղավորվիլ միայն օգոստոսի վերջերուն։ Անիկա վարձեր էր ընդարձակ վիլլայի մը առաջին հարկը, որ բաղկացած էր երկու սենյակներն և խոհանոցե մը, որը՝ բավականին մեծ ըլլալով, կծառայեր և՛ որպես ճաշասրահ։ Վիլլան շրջապատված էր պարտեզով և գեղեցիկ տեսք ուներ, տանը երեսը ամբողջովին ծածկված էր վարդենիներով, որոնք անվերջ նոր֊նոր կոկոններ կուտային և կծաղկեին։


Ամեն առավոտ կանուխ Բարպան էլեկտրական գնացքով կերթար Փարիզ դարբնոց–արհեստանոցը և օրնիբուն կաշխատեր, ընկերները Բարպան կկոչեին Շառլ, որովհետև դժվար արտասանելի էր ֆրանսիացիներու համար Խաչիկ անունը։ Անիկա արդեն սահուն կերպով կխոսեր ֆրանսերեն, կկարդար իր «Յումանիտեն» և աչք կնետեր մյուս ընկերներով թերթերուն վրա։ Առավոտները՝ «Ժուռնալը» և երեկոները «Ինֆորմասիոնը»։ Ցորեկին դարբնոցի աշխատավորներուն հետ անիկա կերթար ճաշարան, որուն սրահը ընտանեկան ճաշարանի երևույթ ունենալու հավակնությունը ուներ, և ուր կհաճախեին, բացի դարբնոցի բանվորները, նաև ուրիշ առևտրական տուներու պաշտոնյաներ։ Անոնք կճաշեին հանդարտ խոսակցելով, ընտանեբար կվարվեին ծառայող աղջկան հետ, որ Մադլոն կկոչեին, և քաղաքավարական ձևակերպություններ կընեին ճաշարանի տիրուհուն, որ միշտ մաքուր հագված, կնստեր բյուֆեին ետևը, որ բեռնավորված էր կոմպոտի և զանազան քաղցրեղեններու և առաջուց բաժնված չոր և թարմ մրգերու փոքրիկ պնակներով և գույնզգույն խմիչքներու սրվակներով։


Բարպան, մոսյո Շառլը, արտաքին երևույթով չէր կարելի ջոկել իր ընկերներեն. անիկա թոթափեր էր իր օտարականի երևույթը, կկրեր լավ կարված կոստյում մը, որ պատվիրեր էր մյուսներուն սովորական դերձակին, միշտ անբիծ մաքրությամբ շապիկ հագած, միշտ թարմ ածիլված, անիկա ավելի տպավորությունը կըներ փոքրիկ եկամուտով գործե քաշված հանգիստ մարդու, քան թե բանվորի։ Դարբնո–