Այս էջը սրբագրված է

՚ Հանկարծ Բարպան լռեց և ինկավ խոր մտածմունքի մեջ. հետո գլուխը բարձրացուց և ըսավ.


- Ես արժանի չէի այս օրին հասնելու… Վասի՚լը պետք էր ողջ ըլլար և տեսնար…


Ժամը մեկը անց էր, երբ Միհրանը և Յորկին պառկեցան երկրորդ սենյակին մեջ, դեմառդեմ դրված դիվաններու վրա, փափուկ բուրդե անկողիններու մեջ։ Յորկին անմիջապես քնեց, բայց Միհրանը մնաց անքուն։ Անիկա կռնակի վրա երկարած էր, աչքերը հառած առաստաղին, որուն վրա անվերջ կշարժեին լուսեղեն ձողեր։ Փողոցը, տան ճիշտ առաջքը, բարձր սյունի մը ծայրին կար էլեկտրական լույսի ուժեղ լամպ մը, որուն լույսը՝ մաղվելով երկաթե վանդակներու արանքներեն, կարտացոլար, երերուն գիծերով, մասամբ պատին և մասամբ առաստաղին վրա։ Միհրանին մտքին կներկայանար իր ամբողջ կյանքը, այն ոլորապտույտ ճամփաները, որոնցմե անցնելով անիկա եկեր հասեր էր ներկա կետին։ Ուզեց հիշել մայրը, բայց զգաց, որ անոր հիշատակը աղոտացեր, հեոացեր էր իր միտքեն, և ընդհակառակը, թշվառ հորը պատկերը արտակարգ հստակությամբ կներկայանար իրեն։ Հանկարծ խորապես ցավեցավ, որ փոխանակ ամոքելու հորը թշվառությունը, փախուստ տվեր էր անկե։


Միհրանը խորապես կցավեր, ինքզինքը կայպաներ, որ իր պատանեկան տարիներուն այդքան անսիրտ վերաբերմունք ունեցեր էր դեպի աշխատավոր հայրը, դեպի իր անճար և անօգնական հայրը…


Միհրանը՝ ինքզինքը խիստ քննադատելով, անգիտակցաբար տրամադրություն կստեղծեր ներողամիտ ըլլալ ուրիշներու հանցանքներուն և արատներուն, և այդ «ուրիշները» մասնավորապես Մաննիկն էր։ Հազիվ տեսեր էր ան Մաննիկը, նպարեղենի խանութին առաջ, ձեռքերը բեռնավորված ծրարներով, բայց անիկա իրեն ներկայացեր էր կարծես պարուրված տխրության քողով մը։ Անոր աչքերը, որոնց ոսկեգույն կետերը թխացեր էին փարիզյան երկին