Այս էջը հաստատված է

Եվ, խենթ ճչալով,
Գնաց եզերքը՝
Ճանկերը խոնավ
Քարին քսելով։
Եվ մոտեցավ նա,
Պարզեց թևերը,
Շնչեց կրծքով ողջ,
Բացեց աչքերը—
Եվ գլորվեց վա՛ր։
Եվ, ինչպես քարը,
Սահելով ներքև,
Արագ ընկնում էր,
Կոտրում թևերը,
Եվ կորցնում էր
Իր փետուրները…
Ջրի ալիքը
Գրկեց մարմինը,
Եվ լվանալով նրա արյունը,
Փրփուրով պատած
Մղեց դեպ ծովը։
Իսկ ալիքները
Տխուր հառաչով
Զարնըվում էին
Չոր քարերին այն.
Եվ չէր երևում
Նրա մարմինը
Ծովի անսահման
Տարածության մեջ…
Քարափում պառկած
Խորհում էր երկար
Իժը թռչունի
Վախճանի մասին
Եվ սիրո մասին
Դեպի երկինքը…
Եվ ահա նայեց
Դեպի հեռուն նա,
Որ հար[1] շոյում է
Մեր հայացքները
Բախտի երազով։
«Իսկ ի՞նչ էր տեսնում
Մեռնող այն բազեն
Այդ անապատում
Անտակ ու անեզր…
Ինչո՞ւ են նրանք,
Մեռնելով՝ հավետ
Հուզում հոգին մեր
Իրենց սիրով այդ՝
Դեպի թռիչքը,
Դեպի երկինքը…
Ի՞նչն է պարզ այնտեղ…
Չէ՞ որ կարող եմ
Ես ի՜նքս իմանալ
Այդ ամենը— գեթ
Մի փոքր պահով
Երկինք թռչելով
Ասաց և արավ:
Ոլորված, որպես
Փայլուն մի օղակ՝
Որ նրանց հետև
Թռավ առաջ նա—
Եվ արևի դեմ
Փայլեց, ինչպես մի
Բարակ ժապավեն։
Սողալու համար
Ծնվածը— թռչել,
Օ, անկարող է…
Մոռանալով այս—
Ընկավ քարին նա,
Բայց չփշրվեց.
Այլ ծիծաղեց լոկ.

  1. հար― շարունակ, միշտ