Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/11

Այս էջը սրբագրված է

Մարդ կա, որ հազար արժե, հազար կա, որ մեկ մի չարժե. Այն մարդն, որ հազար արժե, ան գետին մոտ փող մի չարժե։

Նահապետ Քուչակ

ԱՅՆՊԻՍԻ ԲԱՆ ՇԱԼԱԿԻՐ, ՈՐ ՀԱՐԳԱՆՔՈՎ ՃԱՄՓԱ ՏԱՆ ՔԵԶ

Կարո Ստեփանի Դավթյանը ծնվել է 1904 թվականին, Վանի նահանգի Կարկառ գավառի Տափ գյուղում: Երեք տարեկան հասակում, 1907 թվականին, ընտանիքի հետ փոխադրվել է հարևանԳյավաշ գավառի Նարեկ գյուղը: 1915-ի Մեծ եղեռնի օրերին թուրքերն սպանել են նրա հարազատներին: Որբացած տղան բռնել է գաղթի ճամփան: Կարոյի մահամերձ մայրը հացի փոխարեն որդու շալակին հայերեն գիրք է գրել: «Մի բան կգտնի՝ կուտի, — մտածել է մայրը, — կարևորն այն է, որ նա ազգությունը չփոխի: Հայերեն գիրք շալակողը այլազգի չի դառնա: Մարդ պիտի այնպիսի բան շալակի, որ հարգանքով ճամփա տան նրան»: Տղան գիրքը շալակին հասել է մինչև Վաղարշապատ:

Հետո որբ տղան կրթություն ստացավ և 1922 թվականից դարձավ հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ: 1936 թվականին նա ավարտեց Երևանի մանկավարժական ինստիտուտը: Ապա կյանքի մեծ մասը անցկացրեց Լեռնային Ղարաբաղում: Կարո Դավթյանն ամուսնացավ իր բախտակից, նույնպես Մեծ եղեռնից մազապուրծ ուսուցչուհի Սալաթի հետ: Նրանք ունեցան չորս գեղանի դուստրեր, որոնցից էլան և Ռազմիկան ապրում են Ստեփանակերտում, մյուս երկուսը' Նինելըն ու էմման, Երևանում: Երկար ժամանակ Դավթյանն զբաղվել է Ղարաբաղի բարբառի ուսումնասիրությամբ, որին նվիրված դիսերտացիայի համար էլ նա ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Կարո Դավթյանը մահացել է 1985 թվականին, Ստեփանակերտ քաղաքում, ուր և հանգչում է նրա աճյունը: Իսկ նրա շալակած ու կործանումից փրկված հայերեն ձեռագիր մատյանն այժմ պահվում է Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում:

Հայը պիտի ապրի, հակառակ դահիճներուն և հակառակ իր առյուծի աչքին տակ բուսած կորեկին: Հայը պիտի ապրի ժողովուրդներու սիրազօդ շղթայի մեկmոսկի օղակն ըլլալու համար: Այս է մեր բոլորիս հույսը. հույս մը, զոր մուրճով կռեցինք, ինչպես մեր պապերեն մեկուն նիզակը, որ նպատակին կդիմեր օղին և արևին մեջ երգելով:

Դանիել Վարուժան