Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/110

Այս էջը սրբագրված է

միջնադարում հարուստ հայերը մագաղաթյա ձեռագիր էին գնում և հպարտանում իրենց մատյանների հավաքածուներով: Հաճախ նրանք մեծ փրկագին էին տալիս և ձեռք բերում ավարի մատնված հայերեն ձեռագրեր: Այդպիսի մատյաններ շատ կան Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում:

Այնուամենայնիվ, հին հայ հավաքորդների մասին պահպանված տեղեկությունները շատ կցկտուր են:

19-րդ դարում հավաքածու կազմելը լայն տարածում գտավ աշխարհի բոլոր կողմերում: Սկսեցին հավաքածու կազմել նաև հայ մտավորականներից շատերը:

Ուշագրավ է եղել մեծանուն վիպասան Րաֆֆու հնագիտական հավաքածուն: Իր ճանապարհորդությունների ընթացքում Րաֆֆին հավաքել է հայկական, պարսկական, հունական, հռոմեական, բյուզանդական երեք հազարի հասնող հազվագյուտ հին դրամներ, նուրբ քանդակներ ու նկարներ, արժեքավոր ձեռագրեր: վիպասանի մահից հետո նրա այրին՝ Աննա Րաֆֆին, ամուսնու հնագիտական հավաքածուի դրամները 1896 թվականին տանում է Պետերբուրգ ծախելու: Այստեղ նրան հայտնում են, որ դրամների այդ հավաքածուին ավելի մեծ գին կտան Լոնդոնում: Եվ ահա Աննա Րաֆֆին գնում է Անգլիա: Բայց այստեղ կատարվում է ցավալի իրողությունը: Լոնդոնի ճարպիկ գրպանահատները գողանում են տիկին Աննայի հանդերձի մեջ կարված դրամները: Աննա Րաֆֆու բողոքը անգլիական ոստիկանությանը՝ արդյունք չի տալիս, գողերը չեն գտնվում: Այդպես էլ անհայտանում է նշանավոր գրողի հնագույն դրամների մեծարժեք ընտրանին:

Զանազան իրեր հավաքելու սեր է ունեցել հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Նա հավաքել է գայլերի, շների, արջերի, աղվեսների և ուրիշ կենդանիների փոքրիկ արձանիկներ: Նա սիրում էր դրանք դասավորել սեղանի վրա և իր սքանչելի հեքիաթներն ու պատմվածքները գրելու ժամանակ նայել դրանց: Թումանյանն ուներ նաև հայկական դրոշմանիշերի ու գեղեցիկ ծաղկամանների հավաքածուներ:

Արձակագիր Մկրտիչ Արմենը իրում էր լուցկու պիտակներ հավաքել: Նրա հավաքածուում կար 840 լուցկու պիտակ, որով կարելի էր մի ամբողջ ուսումնասիրություն գրել 20-րդ դարում լուցկի արտադրող քաղաքների ու առանձին ձեռնարկությունների մասին:

Գրականագետ ու արվեստաբան, Հայկական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Ռուբեն Զարյանը 1944