Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/52

Այս էջը սրբագրված է

պատճառով Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» դարձել է վիճահարույց գիրք, հեղինակը «ենթարկվել է հետմահու հալածանքների»:

Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից» մեզ հասել է մոտ 50 ամբողջական ձեռագիր և մոտ 10 պատառիկ: Ըստ բանասիրական տվյալների, դրանցից ամենահինը գրվել է 1303 թվականին: Ամբողջական այդ ձեռագիրը պահվում է Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարանում: Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում է «Հայոց պատմության» 30 ամբողջական ձեռագիր և 8 պատառիկ: Մատենադարանի «Հայոց պատմության» ամենահին ձեռագիրը բաղկացած է երեք մասից: Այդ ձեռագրի առաջին և երկրորդ մասերի նորոգման մասին կոնկրետ թվականներ հայտնի չեն, մասնագետները գտնում են, որ դա 13—14-րդ դարերի գործ է, երրորդ մասը նորոգվել է 1567 թվականին: Մնացած ձեռագրերը գտնվում են Երուսաղեմի, Վիեննայի ձեռագրատներում, իսկ մի մասն էլ՝ աշխարհի տարբեր վայրերի հայկական ձեռագրերի մանր հավաքածուներում:

«Հայոց պատմության» ձեռագրերի բաղդատմամբ զբաղվել են հայ և օտար բազմաթիվ գիտնականներ: Պատմության առաջին քննական հրատարակությունը պատրաստել են Մանուկ Աբեղյանն ու Սեթ Հարությունյանը: Այն լույս է տեսել 1913 թվականին, Թիֆլիսում: Անցած 77 տարում այդ հրատարակությունը կատարել է բնագրի դեր, չնայած ունի մի շարք անճշտություններ: Մաշտոցի անվան Մատենադարանը պատրաստում է «Հայոց պատմության» քննական նոր հրատարակություն:

Մովսես Խորենացին աշխարհի շատ գիտնականների միտք է զբաղեցրել: Շատերը փորձել են հակասություններ որոնել նրա պատմության մեջ: Գրեթե 200 տարի է, ինչ տեղի է ունենում մի թեժ պայքար, որի ավարտը դեռ չի երևում: Այդ երկարամյա պայքարի գագաթնակետն է եղել 1890-ական թվականներից մինչև 20-րդ դարի առաջին տասնամյակն ընկած ժամանակահատվածը: Դա մի շրջան էր, երբ շաչում էին թեր ու դեմ պայքարողների բոլոր սրերը, երբ համարյա քսան տարի ոչ մի սուր պատյան չէր մտնում: Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» ծանրութեթև անելով, առաջադըրվում ու հերքվում էին հարյուրավոր տեսակետներ: Այդ պայքարին մասնակցում էին Բաումգարտները, Դելցերը, Գուտշմիդը, Լանգլուան, Կարիերը, Կիպերտը, Հյուբշմանը, Մակլերը, Մառը, Մարկվարտը, Սեն-Մարտենը,