Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/54

Այս էջը սրբագրված է

Մովսես Խորենացուն 8—9-րդ դարերի հեղինակ են համարել Նիկողայոս Մառն ու Հակոբ Մանանդյանը:

Պայքարի այդ թեժ շրջանում փորձում էին ապացուցել, թե Մար Աբաս անունով մարդ չի եղել, թե Մար Աբաս Կատինան ու Մովսես Խորենացին նույն մարդն են: Պայքարն, իհարկե, առանց անակնկալների չէր անցնում: 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի այդ պայքարի թատերաբեմ էին դարձել «Բազմավեպ» և «Հանդես ամսօրյա» ամսագրերը: «Բազմավեպի» 1896 թվականի դեկտեմբերի համարում մի ցնցող հաղորդում տպագրվեց այն մասին, թե Փարիզում գտնվել է Մար Աբաս Կատինայի մատյանը և հաջորդ համարում ամսագիրը մանրամասն կգրի այդ մասին: Հաջորդ համարում, այսինքն 1897 թվականի հունվարի համարում (էջ 42 — 45) «Բազմավեպը» տպագրեց «Բացատրություն մը Մար Աբասայ գյուտի մասին» լուրը, որով հերքում էր նախորդ համարում տված հաղորդումը:

Մովսես Խորենացու «Հայոց պատմության» շուրջն ստեղծված պայքարի շնորհիվ շատ ջրեր պարզվեցին, շատ հարցեր լուծվեցին, բայց խորենացու հեղինակությունից ոչ մի մազ էլ չպակասեց, ուսումնասիրողներից մեկի խոստովանաթյամբ՝ «ինչ արեցին-չարեցին' մարգարիտը արծաթ չդարձավ»:

Քերթողահոր Պատմության գիտական քննությամբ երկար տարիներ զբաղվել է Ստեփան Մալխասյանցը: Նա խորենացու ամենամեծ ու լրջմիտ ուսումնասիրողն է: 1940 թվականին նրա աշխարհաբար թարգմանությամբ, առաջաբանով ու ծանոթագրություններով լույս տեսավ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», որը բազմիցս վերահրատարակվել է: Վերջին տարիներին պատմիչի ժառանգության գիտական քննությամբ զբաղվում են Սուրեն Երեմյանը, Գագիկ Սարգսյանը, Լևոն Շահինյանը, Լևոն Միրիջանյանը և ուրիշներ:

Մովսես խորենացու «Հայոց պատմությունը» առաջին անգամ հրատարակվել է 1695 թվականին, Ամստերդամում: Դրանով հիմնավորվեց ու զարգացավ հայ աղբյուրագիտությունը: Պատմիչի երկերի հայերեն ամբողջական հրատարակությունը եղել է 1843-ին և 1865-ին, Վենետիկում: Մովսես խորենացու «Հայոց պատմությունը» թարգմանվել և լույս է տեսել լատիներեն (1733, 1736), ֆրանսերեն (1836, 1841, 1845, 1869), իտալերեն (1841, երկրորդ անգամ՝ նույն թվականին, 1850), ռուսերեն (1809, 1858, 1893), գերմաներեն (1869, 1881 ), հունգարերեն