Մականուններ են ունեցել հասարակության տարբեր խավերը: Ազգանունների ի հայտ գալուց հետո մականունների թիվը նվազել է: 19-րդ դարի վերջում և հատկապես 20-րդ դարում մականունները հիմնականում պահպանում են գրողները և արվեստի մի քանի բնագավառների գործիչները:
19-րդ դարի անվանի բանաստեղծ Ռափայել Պատկանյանը 1852-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1854-ին համալսարանի մի խումբ ուսանողների հետ նա հիմնադրել է Գամառ-Քաթիպա գրական ընկերությունը: Այդ անունը կազմված է ընկերության երեք հիմնադիր անդամների՝ պատմության ֆակուլտետի ուսանող Գևորգ Քանանյանի և բժշկական ֆակուլտետի ուսանողներ Մնացական Թիմուրյանի և Ռափայել Պատկանյանի անունների սկզբնատարերից, ա հոդակապից և ազգանունների առաջին վանկերից: Ընկերության նպատակն էր մշակել նոր ձևավորվող աշխարհաբարը, հայ ժողովրդին մղել ազգային ինքնագիտակցության: Գամառ-Քաթիպա ընկերությունը որոշում է հրատարակել իր պարբերականը: Այդ նպատակին հասնելու համար Ռափայել Պատկանյանը 1854-ին թողնում է Մոսկվայի համալսարանը և մեկնում Պետերբուրգ: Այստեղ նրա ջանքերով սկսում են տպագրվել «Գամառ-Քաթիպայի արձակ և չափաբերական աշխատությունները» (լույս է տեսել ընդամենը 5 տետրակ): «Գամառ-Քաթիպան» իբրև օրագիր երկար կյանք չունեցավ: 1857-ին նրա հրատարակությունը դադարեց, ընկերությունը ցրվեց, և Գամառ-Քաթիպան մնաց որպես Ռափայել Պատկանյանի գրական անունը:
հետաքրքրական է ականավոր վիպասան Պերճ Պռոշյանի (1837—1907) գրական անվան պատմությունը: Վիպասանի իսկական անունը Հովհաննես է, հայրանունը Ստեփան, ազգանունը Տեր-Առաքելյան: Բայց ինչպես եղավ, որ Հովհաննես Ստեփանի Տեր-Աոաքելյանը դարձավ Պերճ Պռոշյան:
Վիպասանը «հուշիկներ» գիրքը (Թիֆլիս, 1894) սկսում է իր տոհմի ճյուղագրության պատմությամբ: Պռոշյանը գրում է, որ իր հայրը և մայրը Աշտարակի ծնունդ են, «Մորս նախնիների մասին, — ասում է նա, — ոչինչ չգիտեմ, իսկ հայրական պապերս բնիկ աշտարակեցի չեն եղած, պատմական Գառնի ավանից (արդիս Բաշ-Գառնի գյուղից) են գաղթել Աշտարակ՝ անցյալ դարու սկզբներում: Հայրս դերձակ է եղել, և մայրս՝ նրա օգնականը: Իմ ամենախոր հիշողությունը