Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/98

Այս էջը սրբագրված է

Հին Հայաստանում տարածված են եղել նաև ավելի քան 400 տեսակ մրգահյութեր և քաղցըր օշարակներ: Դրանց մեջ ամենահռչակավորը նռան հյութն է, որը ոչ միայն հաճելի ըմպելիք էր, այլև բուժիչ դեղ: Նռան հյութը համարել են արտասովոր կենարար ըմպելիք, երկարակեցության բալասան: Անմահական հյութի անուն է հանել որդան կարմիրի խառնուրդով պատրաստված օշարակը:

Հին հայերը զանազան օշարակներ են պատրաստել խնձորից, տանձից, խաղողից, դեղձից, սալորից, մոշից: Բայց, իհարկե, ամենապատվական օշարակը համարվել է ծիրանի հյութը:

Հայկական ըմպելիքների շարքին են դասվում բազմատեսակ ծաղկահյութերը, լոշտակից, մատուտակից, ուրիշ արմտիքներից, ծառերի փխրուն կեղևից ու քաղցր խեժերից պատրաստված օշարակները: Միայն մեղրից պատրաստվել է տասներկու տեսակ օշարակ:

Հայաստանում կային անուշահոտ ծաղիկների հատուկ բուրաստաններ: Արքաների ու թագուհիների համար ծաղիկներից պատրաստում էին ընտիր հյութեր, որոնք կոչվում էին անմահական հեղուկներ: Հայտնի է, որ 7-րդ դարի ականավոր գիտնական Անանիա Շիրակացին Այրարատ նահանգի Ձողակերտ վայրում հայտնաբերել է համասփյուռ բույսը, որը բուժիչ հատկություններ ունի: Այդ բույսից սարքել են նաև անուշահամ օշարակներ:

Հայկական օշարակների թագուհին կենաց հյութն է, որի մեջ մեկտեղվում էին քառասուն բուրումնավետ ծաղիկների հյութերը: Այն ըմբոշխնում էին Նավասարդյան տոնախմբությունների մրցություններում հաղթողները, արքաները, մեծ ճակատամարտերում հաղթանակ տանողները:

Հայկական ըմպելիքների առատության արգասիք է ըմպանակ բառի ծնունդը: Ըմպանակ նշանակում է բաժակ: Սկզբնական շրջանում դրանը այն բաժակներն էին, որոնց մեջ մրգահյութ, օշարակ էին լցնում: Հետագայում ըմպանակ բառը դարձավ բաժակ բառի հոմանիշ: Հին Հայաստանում պատրաստել են օշարակի մի տեսակ, որ կոչվում է զովացուցիչ խութ: Այդ տեսակ խութը խմողներին էին մատուցում կավե ամաններով:

Հին հայկական ըմպելիքները հաճելի համ են ունեցել նաև այն պատճառով, որ նրանց մեջ խառնել են Հայաստանի աղբյուրների սառնորակ ու խմելու ընտիր ջուրը:

Ես աչք ու դու լույս, հոգի, առանց լույս՝ աչքն խավարի.