Այս էջը հաստատված է

արևելքում տարածված Բլրակ ավանում մի մեծ ապարանքի շվաքում սպասավորները ճանապարհորդական պատրաստությամբ էին զբաղված։ Հատկապես կանչված վարպետները կարգի էին գցում ջորիների համետները, եզների պարկերը, ուղտերի վզնոցները, զանգակները, բոժոժները, ձիերի սանձերն ու թամքերը։ Մի կողմը ջորիների, մատյանների սմբակներն էին տաշում ու պայտում, մյուս կողմը պայուսակներն ու պարկերը մաքրում, մախաղները կարկատում։ Բակում հյուսները պատգարակներն էին վերանորոգում, ներկում, զարդարում։

Վարպետների պահանջած իրերի մատակարարներն ու մառանապետերը մեծ հապճեպով նրանց հասցնում էին։ Թեև օդը շնչահեղձ դարձնելու աստիճան ջերմացել էր, բայց վարպետները անընդհատ շարունակում էին վերանորոգությունը խիստ շտապ։

— Շտապեցեք,— գոռում էր կալվածատեր Եզնակ իշխանը, — զուր ժամ մի՜ վատնեք։ Այսօր անշուշտ նվիրակի հետ ճանապարհ պիտի ընկնեք, որ առավոտ Վարդեհերի տոնին հանդիսատես լինեք Վիշապամոր այցին և ականջներով լսեք նրա պատգամները։

Դուռ ու բակ լցվել-կտրել էին դրացիներն ու ծանոթները, որոնք անվերջ կրկնում էին.

— Երանի ձեզ, երանի աչքերիդ, թող Վիշապամորը հաճելի լինի ձեր պատարագը և նա որդուն՝ Վիշապահորը թախանձն առատ թաթավով օգնության հասնելու մեր հանդաստանին:

Ետինք դեռ չեղած, Եզնակ իշխանի ապարանքից դուրս եկան և ճանապարհ ընկան ուխտավորները իրենց բեռնավորված ջորիներով, ուղտերով, գրաստներով և եզներով։ Սրանց շրջապատել էին գույնզգույն տարազներով զարդարված ջորեպաններն ու անասնադարմանները, որոնք աղմկալի առաջ էին գնում՝ անվերջ զննելով անասունների բեռներին։ Սպասավորների խայտաճամուկ տարազի նման բազմերանգ զարդարված էին քարավանի գրաստները իրենց զարդարուն վզնոցներով, երասանակներով, ու բեռները ծածկված էին գունագեղ և շերտավոր ջեջիմներով, կարպետներով։