Բացի այս, տիկնոջը հանձնված էր ասվի, բամբակի, քաթանի և գույնզգույն ու ծաղկե նուրբ կտորներ բաշխելու մեհենական սպասավորներին, քրմուհիներին և քրմերին։
Քարավանն անընդհատ բարձրանում էր Գառնիի ձորով, օձապտույտ ճանապարհով առաջ գնալով առվակի աջ ու ձախ ափերով։ Բեռնակիրների վզերից կախված զանգակներն անվերջ զնգզնգում էին, այդ ձայնի ներգործության տակ անասունները շորորալով վեր էին բարձրանում, կարծես անբան կենդանիներն էլ հասկանում էին, թե ուրախ զվարճության էին գնում։
Երեկոյան զով քամին սփռել էր հովություն, դաշտի տոթից դուրս եկած քարավանին տիրել էր ուրախություն և հրճվանք։ Ձիավորներն իրենց քաղցր ձայնով սկսել էին երգել ու թնդացնել ձորը, գրավելով ուխտավորների ուշքն ու միտքը։ Դեռ արևի ճառագայթները չէին անհետացել, երբ հեռվից նկատեցին Գեղարդի լեռնալանջերն ու ապառաժի կողերում փորված մեհյանի դռներն ու քարայր բնակարանները։ Շատ հեռվից արդեն նկատվել էին մշտավառ ճրագները, որոնց ձեթը, ճարպը և մոմը մատակարարում էր ամբողջ դաշտը։
Ճրագվառոցին ուխտավորները հասան Գեղարդի մեհյանը։ Ձիավորներն իջևանեցին Վիշապաքաղին և Վիշապափայլին նվիրված տաճարի բակում։ Տիկինն իր դստրիկների ու հարսների հետ իջան պատգարակներից, անմիջապես վառեցին սպանդարապետանվեր մեղրամոմերը, բաժանեցին երկու սեռին էլ, գնացին կանգնեցին ժայռամիջի ապառաժյա գավթի հովանոցում, սպասելու մեհյանական դռների բացման։ Քուրմերն իսկույն իմաց տվին քրմուհիների ավագուհուն, որը քարե սանդուխքներից ցած իջավ, սիրալիր ընդունեց ուխտավորների ողջույններն ու մաղթանքները և նրանց ձեռքերից մոմերն առնելով՝ մտավ մեհյան ճրագները վառելու Վիշապաքաղի և նրա զուգակցի՝ Վիշապափայլի անդրիների առաջ։ Տաճարի խորքում, ապառաժի կողին, յոթ աստիճան պատվանդանի վրա կանգնած էին անդրիները։ Այս պատվանդանների ետևը, դարձյալ ապառաժից, դուրս էր փորված մի մեծ։