աղմուկը, գրաստների սմբակների դմփումը, զանգակների ձայնը խանգարել էին բնության հանգիստը։
Բնությունը խավարի և խոր քնի մեջ էր, դեռ վարդամատ արշալույսը չէր բոցավառել արևելքը։ Քարավանն էլ դեռ լեռնադաշտը չէր բարձրացել, երբ նախարշալույսի աղոտ շողքերը սփռվեցան, և արևելքում հորիզոնը ամպիկների և մառախուղի արանքից մութ մանուշակագույն երիզով զարդարվեց։ Իսկույն ձիավորներից ավագի սպիտակ նժույգը խրխնջաց և ցատկռտելով առաջ անցավ։ Իշխանների ձեռքերում ճոճացող նիզակների կրկնակ ծայրերը, սպիտակ թաղիքե երկար քոլոզները, պղնձե վահանները սկսեցին փայլփլել արշալույսի շողքերի դեմ։ Սպիտակ նժույգի կայտառ ոստումները ոգևորեցին մյուս նժույգներին, ձիավորները խավարի խոլ մտքերից սթափված ասպանդակեցին երիվարներին՝ սանձերը պինդ-պինդ քաշեցին։
Այս շարժումները կենդանացրին ուխտավորներին, որոնք ոգևորված սկսեցին քննել իրենց շուրջը կատարվածները։ Որքան որ տոթը և կիզիչ արևի ճառագայթները դեղնացրել, չորացրել էին Ուրարդի դաշտի բերքն ու բուսականությունը, որ անձրևի ջրի կարոտ խանձվել էր, այնքան նրա հակառակ դալարապատ էին Գեղարքունիի լեռնալանջերն ու գագաթները, որոնց մեջ քնքուշ կանաչը, բազմերանգ ծաղիկների անուշ բույրը հրապուրում ու արբեցնում էին ուխտավորներին։ Վիշապազանց բարձունքի մեղմ կլիման, զով ու խոնավ քամիները, ցողն ու շաղը, աղբյուրների ջրերը և լճակները պաշտպանում էին այնտեղ դալարը գարնան սկզբներից մինչև ուշ աշուն։ Այնտեղ արոտները լիքն էին ոչխարներով, այծերով, կովերով և վայրի կենդանիներով, որոնք միշտ ճարակ ունեին մինչև ձյունի սավանով դաշտի ծածկվելը։ Խոտն այնքան էր բարձրացել, որ ծածկել էր քարի ու ապառաժի կտորները։ Որքան աստիճանաբար արշալույսը զորանում էր, այնքան գրավիչ էր դառնում բնությունը իր բազմերանգ տեսարաններով։
Այգու հաճելի զեփյուռը, գեղազվարճ դալար տեսարանը, մուգ կանաչ անտառները, բարձրաբերձ ապառաժները ջինջ