թիվը նրանց համար սրբագործված է, մենք ունենք սրբագործված երեք զույգ մի կենտ 7 թիվը, որը կազմում էր մեր յոթն անունը։
— Վիշապամայրը իսկապես ինքը որտե՞ղ է ապրում,– հետաքրքրված հարցրեց իշխանը նվիրակից, որ սիրահոժար պատմում էր ունկնդիր-երիտասարդին հին, անցյալ նախորդներից իրեն հասած ավանդությունները։
— Նա միշտ այս աշխարհի վրա է ապրում, գլխավորապես ջրերի մեջ, լճակներում,— ասաց խոսակցությանը լրջություն տալով նվիրակը։ — Մայր–վիշապը ընդհանրապես ծովերի երեսին է, որն անդադար շոգիացնում և գոլորշիացնում է ջուրը, մրրկում ու փոթորկում է ծովերը, որպեսզի առատ շոգի բարձրանա դեպի երկինք։ Երբ կարիքը սաստկանում է, նա հաճախ սյունաձև կանգնեցնում է ծովի ջուրը և երկինք մղում, երբեմն նույնիսկ ջուրը իր բովանդակած ձկներով և զեռուններով դեպի ամպերն էր բարձրանում։ Մայր-վիշապի անդրանիկը՝ Վիշապամայրը, որ միշտ երկնային բարձունքումն է, ամպերի գլխին, անվերջ վեր է ձգում, կլանում է ինչպես գոլորշիները, նույնպես ծովի ջրի անուշ մասը, թողնելով աղին ու լեղին հատակում։ Վիշապահայրը այդ շոգիներից ամպեր է կազմում, տանում է ցամաքի խորքերը և երկնքից տեղատարափ վար է թափում երկրի երեսին, չորացած ու շիկացած գետինը ջրելու, հովացնելու, բույս ու անասուն հագեցնելու, զովացնելու, թարմացնելու, վերստին կյանք ներշնչելու, աճեցնելու, բազմացնելու համար։
Ինչի՞ց է առաջացել Վիշապամայրը։
Նա Հուսո Հորից՝ արեգակի բոցից բաժանվել է, եկել աշխարհս կազմել։ Նա Լուսահոր մասն է։ Վիշապամայրը չկարողանալով տանել երկնային ջերմությունը, անջատվել է կազմել է երկիրը և կյանք է տվել ինչպես իր անդրանիկին՝ Վիշապահորը, նույնպես անդրանիկուհուն՝ Ոսկեմորը, որոնք կենդանացրել են ու զարգացրել ամբողջ աշխարհը։ Վիշապահայրը երկնքից առատ թափում է երկիր ցող ու անձրև։ Ոսկեմայրն էլ ոռոգելով այդ սիրո հորդառատ աղբյուրներով, արտամղում է երկրի միջից անհուն և անսահման բարիք։