Ուրեմն վիշապաղունները անջատ են ապրում։
Բեղմնավորման և աճեցման սահմանողները հավիտենականապես տապակվում են իրար սիրով։ Լուսո հայրը Վիշապամոր անջատումից անհուն վշտով համակված, առավոտից մինչև իրիկուն իր ճառագայթներով լողում է չբերի երեսին, թափանցում է խորքերը, ձգում է իրեն Վիշապամորը, բայց վերջինս իր հարազատների սիրուն չի կարողանում թողնել երկիրն ու վերադառնալ նախկին հուր հնոց Լուսո հոր բնակարանը։ Վիշապահայրն ու Ոսկեմայրն անսահման ժամանակներից տապում են իրար սիրով, բայց այդ սերը չի զորում, որ մեկը ամպերից ցած գա, անջրդի թողնե երկիրը կամ Ոսկեմայրն երկինք բարձրանալով առանց բեղմնավորության թողնե երկիրը, անապատի վերածե։ Մայր ու որդի իրար հասնելու, իրար գրկելու ցանկություններից և իղձերից բորբոքված, հաճախ ծովերի վրա թևերն իրար են տարածում, Վիշապահայրը ամպի կախված բազուկներով, Վիշապամայրը ջրերի սյունացած դաստակներով իրար գրկելու, կարոտներն առնելու, զգացումներն իրար հաղորդելու, առանց սրտերի փափագներին հասնելու, րոպեական հանդիպումից հետո վերստին անջատվում են։
«Վիշապահայրն այնքան է սիրում կյանքը՝ բույսն ու կենդանությունը, այնքան նրա սրտին մոտ են կենսական բեղմնավորությունը, աճումն ու սնունդը, զարգացումն ու բարգավաճումը, որ նա, ծովերի շոգիացած ջրերը երկինք հասնելուն պես, իսկույն թողնում է Վիշապամորը, անցնում է լեռները և աշխարհը ոռոգում, որպեսզի իր սիրելի Ոսկեմոր արտադրած կենդանության առատ ջուր հասցնե, նրանց աճեցողությունը սաստկացնե ու արագացնե։ Ոսկեմայրը, որ առատության եղջյուրներով ոռոգում է դաշտ, ձոր ու սար, հարազատ մոր նման դիեցնում է բուսական աշխարհը, իր կաթով անմահություն է բաշխում կենդանական աշխարհին, այնքան է հոգով կապված այդ կենդանության հետ, որ թեև տառապում է Վիշապահոր սիրով, բայց նա, հավերժական կյանքն ու գոյությունը կենդանության աճեցման և բողբոջման մեջ