չոքեց, երեք անգամ երկրպագեց, սկսեց զննել արշավախումբը և հրամայեց հետևորդներին.
− Չոքեցե՜ք և աղոթեցե՜ք, մայրը գալիս է։
Հուշկապարիկների խումբը սավառնում էր ջրերի ալիքների նման, օդասլաց կռունկների նման և արագասահ մոտենում էր լճակի ափին մոտ կուտակված այն կղզու ժայռերին, որոնք կանգնած էին ուղղաձիգ, սուր-սուր ծայրերը երկինք ուղղած: Հուշկապարիկների քաղցրանուշ մեղեդիների ձայնը ավելի դյութիչ դարձավ, երբ նրանք աստիճանաբար մոտեցան ափերին։ Սրանց ձայնի ներգործությունն այնքան խիստ էր, որ ուխտավորները զմայլած, նույնիսկ շունչները մեղմած, ամբողջ մարմնով ուշք ու միտք դարձած, սրտատրոփ և հրճվադեմ լսում էին երգերը, զննում էին արտասովոր տեսարանները ապուշ կտրած։
Մինչ հուշկապարիկների խումբը գալիս էր արևելքից, լճակի երեսից սահելով, արևմտյան բլրի ապառաժի որջերից ու այրերից դուրս թափվեցան շուշանների նման սպիտակներով զարդարված և Վիշապամոր սպասին նվիրված դեռատի կույսերը, ծաղկեփնջերը ձեռքներին օրհներգ երգելով։ Քառասունից ավելի մատաղահաս կույսեր բոլորած իրենց ավագ քրմուհուն, մոտեցան «Վիշապանվեր կղզի» ժայռին և շրջապատեցին հուշկապարիկների խումբը։ Սրանց երգն ու կաքավը, զարդն ու փայլը այնպես թովեց ու հիացրեց ուխտավորներին, որոնք բոլորովին արձանացած, անշարժ մնացել էին իրենց չոքած դիրքում, սպասելով հայտնության վախճանին։
Դեռ երգը չավարտած, երգչուհիների, նվագողների շարքի մեջ, քարե անդրիի նման կանգնեց Վիշապամայրը ձուկի տարազով՝ գլխով ու շապկով, կուրծքի բացվածքից դուրս հանեց թևերը և ցույց տվեց ուխտավորներին իր գեղահրաշ պատկերը։ Սփռեց օդի մեջ սաթանման ծամերը, կայծեր ցայտեցնելով աչքերից, հուզված ձայնով, վրդովված հոգով և մռայլ դեմքով տվեց իր պատգամը։
«Ագահ և անգութ մարդիկ, քանի մեկ իրար կյանքից զրկեք: Քանի մեկ ոխակալված իրար դեմ ջնջեք ու ոչնչացնեք այդ նվիրական արտհայտությունները, որոնց մեջ արտացոլում