ուխտավորներ, շտապում էին, բարձրանում Վիշապազանց լեռնադաշտը, շրջապատում էին Ջրաբաշխի և Կենսաբաշխի անդրիները և նրանց սպասին ընծայված գուսանների, երգչուհիների և կաքավիչների ուրախություններին հանդիսատես լինելու և հրճվանքին մասնակցելու։
Մինչ ուխտավորները բոլորվել, հիացած զննում ու լսում էին վիշապանվեր կույսերին, զբաղված էին նրանց պարերգով, ճառագայթյալ ժամին մատակարարներն առաջ եկան և ձողիկների վրա շամփրած խորովածներ բաժանեցին ինչպես հանդիսադիրներին, նույնպես և ուխտավորներին։ Սրանց հետևեցին սկուտեղներով և տեփուրներով կարագ, խորիզի բաղարջ, կարկանդակ և գինի-օշարակ բաժանողները։ Ոտքի վրա կատարված այս նախաճաշը երբեք արգելք չէր պարերի և նվագների անխափան շարունակության, ընդհակառակը, այդ նախաճաշով զորացած, ավելի ոգևորությամբ էին երգում, թռչկոտում և զմայլեցնում ուխտավորներին։
Շառավիղյալ ժամին մատաղն արդեն պատրաստ էր։ Սպասավորները բաժանեցին հանդիսականներին լոշի մեջ փաթաթված թերխաշ մատաղի միս։ Ցանկացողները իրենց պատառները թաց էին անում քարղաններով դրված մատաղի աղաջրում։ Մաքուր լեռնային օդում, անմահական ավազանների ափին ժողովուրդն ուտում էր, խմում էր լճակների սառն ջուրը, իսկույն մարսում և դարձյալ քաղցում։ Բայց այնքան մեծ էր զոհված արջառների, ոչխարների, ուլերի թիվը, որ անխնայաբար բաժանում էին և կշտացնում բոլորին։
Դեռ մատաղը չվերջացրած Վարդեհեր Աստղկան նվիրված քառասուն ծիրանազգեստ կույսեր, ուսերին սփռած իրենց սաթանման մազերը, գլուխները վարդերով պսակած, մերկ վզերն ու դաստակները ուլունքների շարաններով զարդարած, նազաճեմ իջան բարձունքից, մոտեցան նվագածուներին և սկսեցին իրենց երգն ու պարը։ Գուսանները սրանց բոլորած կրկնեցին Վարդեհերին նվիրված բազմաթիվ տաղեր։ Երբ ոգևորված փոխընդփոխ շարունակում էին պարը, կաքավը, արևն արդեն երկնակամարի ամենից բարձունքում էր տեղ բռնած, և օդը աստիճանաբար այնքան էր խստացել, որ մարգարտափայլ