Այս էջը հաստատված է

— Հապա ո՞վ տվեց այն կարողությունը Հելեն խանումին, որտեղի՞ց էր այն ահավոր գումարը, որ դատարանը բռնեց նրա սնդուկում…

VII

Առաքելը հաստատապես համոզված էր, թե Տիրան բեյը իրեն գիտությամբ է կողոպտել, և այնպես տանջվում էր այս մտքով, որ մի ամսի ընթացքում բոլորովին այլակերպվել էր։ Օրեցօր, ժամից֊ժամ, մազերի և պեխերի մեջ նորանոր սպիտակներ էին ցցվում և զգալի կերպով հալվում, մաշվում ու նիհարում էր։ Ո՛չ կանոնավոր քուն ուներ և ո՛չ ախորժակ։ Պողոս աղայի սենյակում, թե պատահում էր ճաշի, ընթրիքի ուտում էր, թե ոչ, մտքովն անգամ քաղց չէր անցնում, սովածություն չէր զգում։ Առավոտները վաղ վեր էր կենում և վազում էր դատարանների մոտերը գտնված սրճարանները, որտեղ տասը փարա վճարելով, մի ղայֆա էր խմում և ժամերով նստում, ծխում ու մտածում։

Այդպիսի ղայֆանաներում էին հավաքվում բոլոր գանգատավորները և այդտեղ էին խորհրդակցում փաստաբանները իրենց կլիենտների հետ, մինչև դատավորների հավաքվելը և դատաստան սկսիլը։ Որքան վշտացյալների էր պատահում այդ դռներում Առաքելը, այնքան սաստկանում էին յուր վշտերը։ Կային այնպիսի թշվառներ, որոնք տասնյակ տարիներով սպասել էին իրենց գործերի վճռին, բայց դեռ ոչ միայն արդարադատության, այլ մինչև անգամ վերջնական վճռի չէին արժանացել։ Այդ անգործ, աշխատությունից ձեռք քաշած թշվառների հուսահատ հառաչները, բարակացավի ենթարկված թոքերն ու քսակները, պատռտած, յուղոտած հագուստները և ծակծկված կոշիկները, ֆեսերը Առաքելին այնպես վատ էին ազդում, որ նա մոլեգնած, շատ անգամ փակում էր աչքերը չտեսնելու, խփում էր ականջները չլսելու համար։ Բայց օրեցօր Առաքելն էլ նրանց հետ հալվելով, հալվում, մաշվում էր և յուր թշվառության անդունդը ավելի սոսկալի, ավելի խոր, անհատակ էր երևում։