էին, թե նրանք ոչինչ տուժելու չէին, բացի ժամանակի կորստից և սնանկի անվանարկությունից: Իսկ այդ կեղծ սնանկի տիտղոսն էլ մեծ կորուստ չէր նախկին որմնադրի և ապա մայր սուլթանի ճարտարապետի թոռի համար, քանի որ յուր գողացած փողով և կարողությունով միշտ կարող էր շլացնել իրեն շրջապատող հասարակությանը, որոնք ո՛չ միայն ուշք չէին դարձնելու այդ ստորության, այլ շուտով էլ մոռանալու էին այս տխուր միջադեպը։ Մանավանդ որ փաստաբանների պատրաստած կեղծ վաճառականական տոմարներով արդարանալու էր Տիրան բեյը ուրիշների գումարները նենգությունով յուրացնելու համար, իսկ դատարանով արդարացած սնանկը ամաչելու ի՞նչ կարիք կարող է ունենալ։
Առաքելը այդ բոլորը ուշի-ուշով քննեց, Գալֆայանի ամեն մի գործակատարից ու բարեկամից ծանոթացավ գործի մանրամասնությունների հետ և իմացավ, թե ի՞նչ ճարպկությունով Տիրան թեյը կարողացել էր ութ֊տասը տարվան ընթացքում, ուրիշների դատած ու հավաքած գումարները առատապես շռայլելուց, փչացնելուց հետո, մոտ երկու հարյուր հազար լիրա էլ քաղել և իրեն նենգ սնանկ հրատարակել: Նույնպես զգացել էր, որ պահանջատերերի փաստաբանները ոչինչ չպիտի կարողանային շահել դատավարությունով, քանի որ սեփականության հիմունքների վրա կազմված բոլոր օրենքներն ու կարգերը պաշտպանելու էին նենգավոր սնանկին և նրա անբարոյական կնոջը պիտի ետ դարձնեին Գալֆայանի պապի շինել տված բոլոր կալվածքները։ Բայց և այնպես հույսի մի աղոտ նշույլ ստիպում էր Առաքելին հետևել գործի ընթացքին և սպասել դատավարության վախճանին։
Օրեր և ամիսներ անցան, անձրևաշատ աշնանը հաջորդեց ցրտաշունչ ձմեռը իրեն փորիասով և սպիտակ սավանով, որը երկար հյուր չմնաց Կ. Պոլսում։ Սրանց հաջորդեց դալարագեղ գարունը, որը յուր քաղցր բուրմունքով զարդարեց Կ. Պոլիսը շրջապատող դաշտերն ու բլուրները, ամեն կողմի այգիները հարսի նման ծաղիկներով ու տերևներով պճնվեցան, և վարդի թփերի միջից սկսեցին երգել սոխակները։ Ամեն կողմ նոր գարունը նոր կյանք էր սփռում և ամեն մի բուռ հող