արտի խորքերից հառաչելով, ցանկանամ էին տեսնել այդ թշվառին, երկու խոսքով մխիթարել, մինչև իսկ համբուրել և գգվել։ Տիրան բեյի սնանկությունը մի քանի տասնյակ առաքելների տունն էր կործանել, իսկ Տիրան բեյի նման սնանկների թիվը Կ․ Պոլսում օրեցօր աճում էր։ Առաքելի հանդուգն արարքը որքան վշտացած հոգիներ էր մխիթարել, որքան Հուսահատ և հացի կարոտ ընտանիքների սիրտն էր ամոքել։ Փայտահատի կացինը ինչպիսի սարսափ էր սփռել այն նենգամիտների սրտում, որոնք պատրաստվում էին Տիրան բեյին հետևել իրենց կանխապես մտածված տոմարներով և փաստաթղթերով։
Բյաց Առաքելը անմռունչ նստած էր Կ․ Պոլսի խոնավ բանտերից մեկում շղթայակապ, նիհարած, մեռելային հանգստության մեջ։ Քննիչներին նա բացատրություն չէր տվել, ոչ ոքի չէր պարզել յուր վիշտը և միայն ամեն տեղ ասել էր, թե ինքն է սպանել այն նենգավոր սնանկին, որը յուր երեք հարյուր լիրան հափշտակել էր։ Առաքելի տերերը և տիրուհիները վկայել էին, որ նա անչափ համեստ, բարեսիրտ, ծայրահեղ ճշտասեր և ազնիվ մարդ էր։ Իսկ բժիշկները մատնացույց էին արել նրա խելագարության նշանների վրա։ Եվ, իսկապես, Առաքելը դուրս էր եկել յուր սովորական դրությունից։ Քրեական դատարանը չպարտավորեցրեց Առաքելին երկար տանջվելու բանտի որջերում։ Եղեռնագործությունից չորս ամիս չանցած պիտի քննվեր նրա գործը։ Առաքելի նախկին փաստաբանը հանձն էր առել նրան պաշտպանել և ազատել։ Առաքելի հայրենակիցները գրեթե բոլորն էլ իրենց պահանջքի տասներորդ մասը ստանալով, վերջացրել էին գործերը և ամեն մեկը մի կողմ էր հեռացել յուր ընտանիքի պարենը ճարելու։ Միայն Մինասը երբեմն-երբեմն նրա համար տնական կերակուրներ էր տանում բանտ։
Դատավարության օրը հավաքվել էին փաստաբանները եղեռնադատ ատյանի նրբասենյակում, որը առևտրական դատարանի վերին հարկումն էր գտնվում։ Այդտեղ էին և ոճրագործները, միայն իրենց հատուկ սենյակում, որի դուռը բաց էր նրանց մեջ մի անկյունում նստած էր Առաքելը անդորր և