անվրդով։ Փաստաբան Հակոբ էֆենդին մոտեցավ կալանավորների դռանը և Առաքելին մոտ կանչելով, ասաց.
— Էլ բան ունի՞ս ասելու։
— Ո՛չ, միայն թե ես ձեր ծրագիրը չեմ ընդունում։ Թո՛ղ ինձ պատմեն, կախեն, ես ապրել չեմ կարող, այս կյանքը այլևս ուժ չունիմ կրելու։
— Հանգստացի՛ր, մի՛ բորբոքվիր, մի՛ ցնցվիր, մտածի՛ր, որ կին ունիս, մայր, զավակ, դրանք բոլորը քեզ են սպասում։
— Է՛լ թող ինձ չսպասեն, էլ ես նրանց ինչի՞ն եմ պետք։ Կարողությունս, հարստությունս կողոպտեցին, առողջությանս, ուժս և տոկունությունս խլեցին, այժմ այս տկար մարմնով ես նրանց բեռ դառնա՞մ… Գնամ պառկե՞մ, տքամ ու տանջվե՞մ… Կինս, մայրս, զավակս առավոտից մինչև իրիկուն չարչարվեն և հա՞ց ճարեն իրենց անդամալույծի համար։ Իմ գոյությամբ, անպետք կյանքովս նրանց դարաքաշ և ողբալի կյա՞նքն էլ դառնացնեմ, թունավորեմ։ Ո՛չ, Հակոբ էֆենդի՛, ավելի լավ է ինձ կախեն, ինձ գլխատեն, ինձ բզկտեն ու մահացնեն Կ. Պոլսում, իմ ոսկորներս այստեղի շները կրծոտեն, ծովի ձկներին կեր թափեն, թող հայրենի գերեզմանին անգամ չարժանանա դիակս և արտասուք չքաղե իմ մոր, կնոջ առանց այն էլ չորացած աչքերի աղբերակից։
— Առաքե՛լ, մի՛ հուսահատվիլ, մի՛ այդպես ընկճվիլ, դռա այն հերոսը չե՞ս, որ ողջ Կ. Պոլիսը դղրդացրիր քու արարքով։ Ինչի՞ ես հուսակտուր մնացել…
— Էֆենդի՛, էֆենդի՛, եթե գիտենայիք քաղցածության դառնությունը, եթե զգայիք մերկության կսկիծը, եթե երևակայել կարողանայիք կարիքի մորմոքը, աղքատության և չքավորության սարսափը, այն էլ մեր թշվառների մեջ, ուր գազանաբար մտրակում է հարկահանը տուգանքը պահանջելիս, հարկի փոխարեն կնոջ վրայից հագուստն է հանում, օջախի վրայից կաթսան է տանում, թոնրի երեսից խաչերկաթն է քաշում և պղինձը շուռ տալով, թշվառի կրակն է հանգցնում, բանտի խորքերումն է փտեցնում, և ծաղր ու ծանակ շինում մարդու նախանձոտ և արհամարհող դրացու աչքերի առաջ, այն ժամանակ այդ առաջարկը ինձ չէիք անիլ։ Եթե երբևիցե