Այս էջը հաստատված է

նկատողություններ անելով, բոլորովին դիրքը կորցրել էր որդիների մոտ։

Իսկ նրա հույզերը ոչնչով չէին կրճատում ծախսերը։

Մի հանգամանք ևս խիստ արգելք էր լինում ծախսերի չափը նվազեցնելուն։ Թեև Աբդուլ-Հյուսեյնը փող շատ էր սիրում, բայց ոսկին ուզում էր ամուր պահել ոչ թե իրեն, այլ դարձյալ զավակների համար. չէր ցանկալ, որ զավակները կորցնեն իր դիզածը և նեղ օրն ընկնեն։ Չքավորության դառնությունը 1850 թ. գաղթից հետո զգացել և անձամբ տարել էր Աբդուլ-Հյուսեյնը, ուստի չէր ցանկանում, որ իր զավակները այդ օրերը տեսնեն։ Նա համոզված էր, որ որդիները այնքան քաջություն չունեին, որ կարողանային տանել տնանկի սոսկալի վիճակը, տոկային, կոպեկ–կոպեկ իրար վրա դնելով փող դիզեին և կարողանային նորից այնպիսի մի դիրք ստեղծել, ինչ որ ինքն առաջացրել էր պողպատային կամքով։

Ճանաչելով զավակների կրքերը, նկատելով իր դեմ աճած ատելությունը, նա սպանում էր իր սրտի խորքում հույզերը և ծայրահեղ միջոցների չէր դիմում նրանց առատաձեռն ծախսերը սանձելու։ Իսկ որդիները օրեցօր լայնացնում էին իրենց ծախսերը Աբդուլ-Հյուսեյնի հակառակ և շռայլությամբ իրար գերազանցում։ Իսկ հորը կծծի և ոսկեպաշտ էին անվանում, նախատելով և հայհոյելով։

Որդիների իր դեմ տածած ատելությունից զզված, նրանց զսպելու, նրանց համոզելու համար, թե ինքը ոսկեպաշտ չէ, այլ տքնում է նրանց բարիքի համար, Աբդուլ-Հյուսեյնը վճռեց հարստությունից ձեռք քաշել, ամբողջ գույքը նրանց թողնել և հեռանալ։ Այս պատճառով ծերուկը բոլոր պարտքերը վճարեց, ամենքի հետ հաշիվները մաքրեց, կարողությունից հազար թուման վերցրեց «հաջ-գնալու» բաժին և ախունդին տուն կանչելով, եղած-չեղած բոլոր գույքը փոխադրեց իր որդիների անվանը։ Նա հուզված երեսը թեքեց ախունդի և ծերունի դրացիների կողմը ու արտասվալի աչքերով ասաց.

— Զավակներս, ես շատ ապրեցա, շատ գոհ եմ վիճակիցս։ Ալլահը ինձ ոչինչ չխնայեց, տուն, տեղ, զավակներ, թոռներ, գործարան, վաճառատուն, ամեն տեսակ առատությամբ լցրեց։