(կրոնական երգիչներ) զնգզնգացնելով իրենց ձայնը, աղոթում և հասարակության ուշքն էին գրավում։ Առատ սեղաններից ոչ ոք չէր ուզում ետ քաշվել։ Իրար ետևից գալիս էին, իսկ կշտացողները կամաց-կամաց հեռանում։
Վերջապես հյուրերը հետզհետե հեռացան, մնացին հարազատներն ու մերձավորները։ Որքան որ հրճվում էին թոռները, այնքան մռայլ էին զավակները, կարծես թե սրանք մեծ դժբախտության էին ենթարկվել։ Մեծ էր աղջիկների ուրախությունը, նույնքան խիստ էր հարսների տխրությունը, կարծես թե սկեսրայրն եկել էր նրանց ապահարզան տալու։ Թեև ոչ մի խոսքով կամ գործով չարտահայտեցին իրենց հույզերը, բայց փորձառու ծերունին նրանց աչքերից, դեմքի կնճիռներից կարդում էր նրանց սրտում և հոգում անցածն ու դարձածը։
Այս արտահայտությունները թեև վրդովեցին ծերունու հոգին, բայց կասկածները իրականացնող ոչ մի դեպք չնկատելով, նա համբերում էր, մինչև շոշափելի փաստի արտահայտվելը։ Վերջապես ընդունելության դահլիճի մոտի սենյակում անկողին պատրաստեցին, ճրագ ու կրակ վառեցին և առաջնորդեցին ծերուկին այնտեղ քնելու։ Ծերուկի դժվարն եկավ, որ իրեն արտաքին տան, ընդունելության բաժնում էին անկողին պատրաստել և ոչ իր շինել տված կանանոցում, որտեղ 20-30 տարի ինքն ապրել էր որդիների և հարսների հետ։ Այժմ, որ երեք որդիքն իրենց ընտանիքով հեռացել էին այդ բնակարանից, հոր համար սենյակ պետք է հատկացնեին կանանոցում, քանի որ նա օտար չէր և նրանից ծածկվելու պարտավորված չէին հարսն ու իրեն աղջիկները։
— Աբդուլ-Ալի,— ասաց ծերուկը,— ինչի՞ ինձ համար ներսը տեղը չպատրաստեցիք, ես կարոտել էի թոռներիս և նրանց մեջ ուզում էի գիշերել, նրանց շնչի ներգործության տակ քնել։
— Թող նրանք գան քեզ մոտ, Հաջի-աղա,— ասաց որդին սառը ձայնով ու քաշվեցավ ննջարանը։
Թեև երկսեռ թոռներն եկան շրջապատեցին պապին, մի քանիսն էլ իրենց անկողինը բերին պապի սենյակում քնելու համար, բայց ծերուկի շատ դժվարն եկավ, որ իրենց հարազատների շրջանից դուրս թողին։ Այս բանն այնքան խոր վերք