Այս էջը հաստատված է

որ գնան ծխախոտ առնեն ու բերեն, և երեք֊չորս ժամով առանց ծխելու էր մնում։

Ամբողջ երեք շաբաթվան ընթացքում որդիներից և ոչ մեկը չասաց. հայր, վերցրո՛ւ այս դրամը, քեզ պետք կգա, ծախսիր։

Թշվառ ծերուկը սև փող չուներ գրպանում, որ ողորմություն տար դիմող աղքատներին կամ մի խաղալիք գներ ու բերեր թոռներին։ Հոր դիզած հարստությունը, եկամուտները շռայլում էին որդիները առանց գնահատելու, իսկ այդ հազարներից ոչ թե թումանով, այլ մինչև անգամ մի ղռան էլ չէին մտածում ծերուկին սև փող վճարելու։ Իրենց և իրենց կիների ու երեխաների համար բեհեզ և քնքուշ կտորներ էին գնում, ձևում, կարում ու պատառոտում, բայց ոչ ոք չէր մտածում, թե ծերուկի լվացքը քրքրվել է, պետք է կարկատել կամ նորել։ Ամեն ամիս նորանոր գույնի ասվից ու քաթանից իրենց համար բոլորն էլ հագուստ էին կարել տալիս, իսկ հարստությունը դիզող հոր վերարկուի օձիքը մի թիզ տարածությամբ ճարպակալվել էր, չէին տեսնում։ Ամեն օր տանից կապոցներով կտոր, սապոն և ուրիշ նյութ էին դուրս տանում հարսները, իսկ իրեն մի շապիկ խնայում էին։

Խորը մտածող հայր էր, չէր ցանկանում որևէ աղմուկով դրացիներին, հեռավորներին, բարեկամներին ու չարակամներին իմացնել իր անտանելի դրությունը։ Չէր ցանկանում, որ իրեն ծաղրեն մրցակիցները և նախատեն անհեռատեսությունը, որ ամբողջ իշխանությունը հանձնել էր որդիներին, հեռացել և ետ դառնալուց հետո մուրացկան դարձել։ Չէր թույլ տալ, որ նույնիսկ իր արարքից, խոսքից, ասացվածքներից, շարժումներից և տատանումներից մարդ նկատեր, կռահեր, թե ինքը տանջվում է իր հարազատ այն զավակներից, որոնց չէր խնայել ամբողջ կյանքում դատած ու վաստակած հարստությունը։ Իսկ այդ զավակները, բացի այն, որ իրեն կարգին հագուստի, կապուստի, բնակարանի մեջ չէին պահում, այլ կերած հացն էլ դժգոհությամբ էին հասցնում։

Աշնանը հաջորդեց ձմեռը, եղանակների վատությունը, խոնավությունը շատ էր նեղացնում ծերուկին։ Իսկ որդին՝ Աբդուլ-Մեհթին, և հարսը չէին թողնում, որ ծերունին օջախը