գրպանները, սնդուկները, մառանները, պահարաններն ու ներքնատները ճրագով ման էին գալիս, կողոպտում ու դուրս տանում, որ իրենց համար հոգեպահուստ դրամագլուխ պատրաստեն։
Այս պարագաները, իր թողած հարստության չարաչար ավարի ենթարկվելու մտքերը այնպես հուզեցին ծերուկին, որ նա մռայլած ու բորբոքված դիմեց տուն և առանձնարան մտնելով, տարածվեց իր բազմոցի վրա և սկսեց մտորել։ Նա չէր կարողանում որդիներին սթափեցնել և իր 40 տարվան տանջանքով կազմակերպած տունը կործանումից փրկել։ Հաջին զգում էր, որ այդ գործելու անընդունակ, իսկ գողանալու ճարպիկ մատները անշուշտ պիտի քայքայեին իր 40 տարվան մեջ շինած գործարանը և նրա մոխրի կույտի տակ զավակները մի պատսպարան էլ չպիտի գտնեին ապաստանելու։
Ամբողջ 24 ժամ այս հույզերով տանջվելուց հետո Հաջի Աբդուլ-Հյուսեյնը դարձյալ իր գավազանը վերցրեց և ծանր քայլերով, բորբոքված սրտով գնաց հանգստարան՝ հոգին հուզող այրուն նորից տեսնելու և մի քանի րոպեների բավականությամբ մխիթարվելու։ Այրին չուշացավ, և ծերուկը դեռ չէր վերջացրել իր աղոթքը, երբ խեղճ կինը չոքեց իր ամուսնու սառը գերեզմանի կողքին և սկսեց հեկեկալ ու արտասվել։ Երբ իրենց հոգեկան հարաբերությունները հանգուցյալների հետ վերջացրին, դարձյալ խոսքի բռնվեցին այրիները, միայն թե ավելի մտերմական ձայնով։
— Որդիդ որտե՞ղ է սովորում, ո՞ւմ մոտ ես աշակերտ տվել,— ասաց ծերուկը այրուն,— որ մենակ ես գալիս։
— Նուխեցիների գործարանում գորգ է հյուսում,— ասաց այրին հառաչելով։ Ապա ավելացրեց․
— Թեև վեց տարեկան է, բայց ահա վեց ամիս է, որ նա բանում է։ Ալլահը ինձ չկորցրեց, ես հավատացած եմ, որ զավակիս խեղճ չի թողնելու. վեց ամսվան մեջ այնքան առաջ գնաց, որ շաբաթական մի դռան արծաթ փող է բերում։ Արդեն այսօրվանից նա ինձ այլևս բեռ չէ, նրան ամեն օր հացն ու ճաշը տալիս են գործարանում։ Դեռ ես օգտվում եմ նրա աշխատածով։